Բակո Սահակյանը՝ համանախագահներին. Վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ և արդյունավետ աշխատանքի համար` ամենայն բարիք մաղթելով նրան:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Անդրադարձ է կատարվել նաև սահմաններում տիրող իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: