Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են աղքատության և գործազրկության իրական մակարդակը. փորձագետ
Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքվում անցկացված կոնֆերանսում հայտարարել էր, որ վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանում 1.2 մլն.-ից ավելի աշխատատեղ է ստեղծվել, գործազրկության մակարդակը 10.6 %-ից նվազել է 5 %-ի, աղքատության մակարդակն էլ 44.7 %-ից իջել է 5.3 %-ի:
Սակայն ադրբեջանանկան «Ազադլիգ» թերթին տրված հարցազրույցում տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն նշել է, որ իշխանությունները հանրությունից թաքցնում են աղքատության և գործազրկության իրական մակարդակը՝ դրանով փորձելով սոցիալապես և տնտեսապես զարգացած երկրի կերպար ստեղծել:
Փորձագետի խոսքերով՝ նման թվերի ստույգությունը ցույց տալու համար ադրբեջանական կառավարությունը պետք է 4-5 հազար տնային տնտեսություններում հարցումներ անցկացներ, ինչը չի արվել:
«Ադրբեջանի կառավարությունը նման ցուցանիշներով ցանկանում է երկրի տնտեսությունը հզոր ներկայացնել: Աքատության և գործազրկության իրական ցուցանիշները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից: Ադրբեջանում ընտանիքի բյուջեի մեծ մասը ծախսվում է մթերքի վրա: Եթե ԱՄՆ-ում մի ընտանիքի ծախսերի 35 %-ից ավելին սննդի վրա է ծախսվում, այդ ընտանիքն ավտոմատ կերպով համարվում է աղքատ»,- նշել է նա:
Փորձագետը հավելել է, որ նման չափանիշով գնահատելու դեպքում Ադրբեջանում բնակչության կեսից ավելին աղքատ կհամարվի:
Գուբադ Իբադօղլուն նաև ասել է, որ նախարարի կողմից նշված աշխատատեղերի մեծ մասը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ աղքատության և գործազրկության մակարդակի նվազելու մասին տեղեկատվությունը իրականությունից շատ հեռու է:
«Դրանով նրանք ցանկանում են ցույց տալ, որ իրենց վարած քաղաքականությունը դրական արդյունքներ է տվել: Սակայն, իրականությունն ամբողջությամբ այլ է»,- նշել է փորձագետը: