ՀՀ վարչապետը հանձնարարել է ստուգումները սկսել հենց եղբորից` արդյոք հարկերը վճարում է (Տեսանյութ)
«Որևէ նախարար իրավունք չունի զբաղվել բիզնեսով, բայց եթե տվյալ մարդու բարեկամը զբաղվում է բիզնեսով, ապա դա այլ խնդիր է. պետք է տարանջատել: Եթե բարեկամն ունի բիզնես, դա դեռ չի նշանակում, որ պետք է օգտվել այդ փաստից և հարկային դաշտ չմտնել»,- նախքան ՀՀԿ համագումարի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, հանձնարարել է, որ հատուկ ուշադրություն դարձնեն այն նախարարների ու պաշտոնյաների բարեկամներին, ովքեր բիզնես ունեն ու ճշտեն` տվյալ անձինք հարկերը վճարո՞ւմ են:
Վարչապետը նույնիսկ խոստացավ, որ սկսելու է հենց իր եղբորից ու ստուգումների միջոցով պարզելու` հարկերը վճարո՞ւմ է: Հ.Աբրահամյանն ընդգծեց` եթե վարչապետի եղբորը ստուգեն, ապա նախարարներին էլ կստուգեն:
«ԱԺ-ում ես զգացի, որ կան պատգամավորներ, ովքեր անհիմն հայտարարություններ են անում իբր ես գործարարների հետ հանդիպմանն ասել եմ, թե գոնե 90 տոկոսով եկեք հարկային դաշտ, 10 տոկոսդ՝ ոչ: Նման հայտարարություն չի եղել, փաստերը աղավաղվում են, ինչը խառնաշփոթ ստեղծելու համար է»,- նշեց նա ի պատասխան այն հարցի, թե նշանակում է, որ նախկինում ստուգումներ չեն արվել:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի քվեարկության շուրջ առկա աղմուկին, ՀՀ վարչապետն ասաց. «Ընդդիմությունը հաշվում էր` քանի պատգամավոր կա ԱԺ դահլիճում, այնպես որ հնարավոր չէր, որ մեծամասնությունը կեղծեր կառավարության ծրագրի քվեարկությունը: Ես դահլիճում էի և չեմ տեսել նման բան»:
Հ.Աբրահամյանի խոսքով, եթե ընդդիմադիր պատգամավորները հենց դահլիճում բարձրաձայնեին այդ խնդիրը, ապա հնարավոր է պատկերն այլ լիներ և ինքն էլ հետևողական կլիներ քվեարկությանը: Նա համոզմունք հայտնեց, որ իհարկե դա վատ երևույթ է, երբ պատգամավորները քվեարկում են մեկը մյուսի փոխարեն, բայց վստահ է, որ այս դեպքում դրա կարիքը չի էլ եղել:
Ինչ վերաբերում է այն խնդրին, որ քվեարկությանը ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հարբած վիճակում են ներկայացել, ՀՀ վարչապետն ասաց. «Այդ մասին տեղեկացել եմ մամուլից, բայց ականատես չեմ եղել»:
Իսկ լրագրողների դիտարկմանը, որ այդ պատգամավորները նաև իրեն են մոտեցել և ողջունել արձագանքեց` ուշադիր չի եղել և չի նկատել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան