Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին
«Մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաև համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում»,- Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, մենք պետք է հստակ, նաև ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են:
«Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ կայուն ժողովրդավարությունը և իրավական պետությունը մեր ազգային անվտանգության հենասյուներն են: Այլընտրանք մենք չունենք: Ուստի սահմանադրական բարեփոխումները պետք է ծառայեն հենց այս գերխնդրի իրագործմանը: Մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: Այն գերանձնավորված է և գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի և նրանց քաղաքական պատասխանատվության միջև: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը:
Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն և անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այս պահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է:
Քաղաքական համակարգի արմատական բարեփոխումները սերտորեն կապված են նաև դատական իշխանության հիմնախնդիրների հետ: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանց անկախ ու անաչառ դատարանի մենք չենք ունենալու ո՛չ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանություն, ո՛չ հուսալի ներդրումային միջավայր: Ուստի սահմանադրական բարեփոխումների կարևորագույն խնդիրներից մեկը դատական իշխանության առկա հիմնախնդիրներին արդիական և մնայուն լուծումներ տալն է:
Սրանք առաջնային հարցեր են, որոնք նաև քննության առարկա պետք է դառնան մեր կուսակցության բոլոր օղակներում, բոլոր մակարդակներում: Մենք երկար ժամանակ չունենք, և ակնկալում եմ, որ ՀՀԿ գործադիր մարմինը հնարավորություն կունենա արդեն ամռանը դիտարկելու տեղերում նման ակտիվ քննարկումների արդյունքների մասին ամփոփումները»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ 15-րդ համագումարի նյութերից`
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15–րդ համագումարում
ՀՀԿ-ն շարունակելու է աճել ու ամրանալ. ՀՀ նախագահ
Ս.Սարգսյան. Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին