Նազարբաև. Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրում կա Հայաստանի միանալու մասին կետ
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրն ամբողջությամբ պատրաստ է և գոհացնում է բոլոր կողմերին: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աստանայում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթն ունի պատմական նշանակություն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համար:
«Պայմանագիրը ստացվել է հավասարակշռված, գրագետ, բոլոր պետությունների շահերը հաշվի առնող: Նրանում արտացոլված են բոլոր հիմնարար ասպեկտները, ամրագրված են պետությունների իրավահավասարության, տարածքային ամբողջականության բոլոր սկզբունքները, ինչպես նաև Միության անդամ պետությունների քաղաքական կառուցվածքի յուրահատկությունների հանդեպ հարգանքը»,- նշել է Նազարբաևը:
Ղազախստանի ղեկավարը մանրամասնել է, որ Եվրասիական տնտեսական միությունում որոշումներն ընդունվելու են կոնսենսուսով, և յուրաքանչյուր պետության ձայնը կլինի վճռորոշ:
«Պայմանագրում կա նաև Միությանը Հայաստանի միանալու մասին կետ: Ընդլայնված կազմով կզեկուցեն մեզ այդ մասին, և մենք կքննարկենք: Ղրղզստանը հավանություն է տվել Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզի նախագծին, որը հաստատվել է տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, սակայն խնդրում է որոշակի աջակցություն ցուցաբերել»,- ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից: Նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան