Վ.Բաղդասարյանը` քառյակին. Մեզ հետ ուլտիմատումներով պետք չի խոսել
«Ես շատ ուրախ եմ, որ վերջապես շատ առողջ առաջարկություններ են արել և դրանք մեր քննարկման առարկան կդառնան: Նշված բոլոր կետերը` մի մասը կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ, մյուս մասը մեր ելույթների ժամանակ արդեն մեր քննարկման առարկան են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ-ական պատգամավորն անընդհատ շեշտում էր` գրեթե բոլոր կետերը իրենց ուշադրության կենտրոնում են, թիրախային են և առանց քառյակի ներկայացման էլ, ասել է թե, լուծում պետք է ստանան:
«Պարտադիր կուտակային բաղադրիչն արդեն վերանայվել է և առաջիկայում էլ այդ օրենքը կվերանայվի,-մասնավորապես, մատնանշեց նա:
Երկրորդ կետի վերաբերյալ էլ ասաց, որ իշխանություններն արդեն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի և տուգանքների մասով լսումներ անցկացրել են, խնդիրը քննարկել են և պատրաստ են ևս մեկ անգամ վերադառնալ այդ խնդրին:
«Մենք չենք ժխտում, որ խնդրի ուսումնասիրության անհրաժեշտություն կա և պատրաստ ենք քննարկել: Սա օրակարգային հարց է: Ես չեմ ասում, թե նրանց բոլոր պահանջները մենք կբավարարենք, բայց պետք է նայենք` որն է համապատասխանում իրականությանը և որտեղ իսկապես կան չարաշահումներ. այդ հարցերին մենք դեմ չենք անդրադառնալ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Վ.Բաղդասարյանը նշեց, թե շատ ուրախ է, որ ընդդիմությունն առողջ առաջարկություններ է արել և այսպիսով գալիս է այն կառուցողական ընդդիմությունը, որը հարկավոր է պետությանը և իշխանությանը:
Panorama.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք մենք ունենք այդքան ժամանակ, որպեսզի սպասենք, երբ իշխանությունները կանեն այդ բոլոր փոփոխությունները, չէ՞ որ նույն տուգանքների մասով առաջին օրը չէ, որ բարձրաձայնվում է, Վ.Բաղդասարյանն արձագանքեց.«Չսպասեք էլ, որ արագ այդ նույն տուգանքների հարցը կփոխվի, այն պետք է լուրջ ուսումնասիրությունների առարկա դառնա: Իսկ գյուղատնտեսության մասով ասեմ, դա կառավարության ծրագրով արդեն նշված է և երբ չենք կատարի` այդ ժամանակ կխոսենք»:
Ժամանակ ունենալ-չունենալու առումով էլ հավելեց, որ տարիներ են պետք և հանձնարարականներն արդեն տրված են:
Ինչ վերաբերում է պահանջների համար քառյակի կողմից նախանշված ժամկետներին, ապա Վ.Բաղդասարյանը հորդորեց իրենց հետ նախապայմանների լեզվով չխոսել և ոչ էլ ուլտիմատումներով խոսել:
«Ոչ թե մենք այս 12 կետերին պետք է անդրադառնանք ու տանք պատասխաններ, այլ ընդամենն ասում ենք, որ դրանք այն հարցերն են, որոնք ընդրկված են մեր ծրագրերի մեջ: Իսկ եթե նրանք ասում են սեպտեմբերին, իսկ մենք, ենթադրենք, ասում ենք, որ մայիսին կլինեն` խնդրեմ, թող իրենք իրենց քայլերը ձեռնարկեն: Համենայնդեպս` մենք չենք ժխտում, որ դրանք քննարկման առարկա են» ,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նախորդող հրապարակում`
Ինչո՞ւ քառյակի կետերում չկա իշխանափոխության խնդիր
Արցախ, «Նաիրիտ», տնտեսության զարգացում, մենաշնորհների վերացում...Քառյակը հրապարակեց պահանջները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան