Ն. Փաշինյանի թոփ-տասնյակը` ինչպիսի՞ն էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը (Տեսանյութ)
Տիգրան Սարգսյանի կառավարությունը ամենասկանդալային կառավարությունն էր, ամենասկանդալային վարչապետով,- Ազգային Ժողովում 2013թ-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Տ. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ սկանդալային իրադարձություններն այնքան շատ են, որ չի հասցնի դրանք հիշատակել մի ելույթում, այդ իսկ պատճառով պատգամավորը կազմել էր ու խորհրդարանին ներկայացրեց թոփ-տասնյակը:
10-րդ հորիզոնականում, ըստ Ն.Փաշինյանի, 2008թ-ին ԱԺ-ում հայտարարությունն էր, որով առաջարկում էր տնտեսական ճգնաժամի դեմ իր պայքարի տարբերակը. «Ասաց` առաջարկում եմ քիչ խոսենք, ճգնաժամի մասին, որովհետև ինչքան շատ ենք խոսում, այնքան մեծ է հավանակությունը, որ այդ ճգնաժամը մեր երկրին կհասնի: Ինչո՞ւ է այս հայտարարությունը սկանդալային, որովհետև 2008թ-ի հոկտեմբերին այդ ճգնաժամը արդեն մտել էր Հայաստան, բայց երկրի վարչապետը դեռ հույս ուներ, որ հնարավոր է այն մեզ շրջանցեր և դրա համար առաջարկում էր քիչ խոսել ճգնաժամի մասին»:
9-րդ հորիզոնականում այն ժամանակվա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի սույն թվականի փետրվարին արված արտահայտությունն է, որն ուղղված էր ԱԺ պատգամավորների 1/3-ին` «ղալլաթ են անում». «Մինչ օրս որևէ ափսոսանքի խոսք այդ մասին չեղավ»:
8-րդ հորիզոնական. «Մարզահամերգային համալիրում Տ.Սարգսյանի հարբած վիճակում հանրության առաջ հայտնվելն էր: Եթե մարդը չի կարող գնահատել իր անձնական վիճակը, ինչպես կարող է սթափ գնահատել երկրի տնտեսական վիճակը: Տ.Սարգսյանը մինչև վերջ այդպես էլ չխոստովանեց, որ եղել է այդ վիճակում»:
7-րդ հորիզոնականում Ն.Փաշինյանը հիշատակեց Տ. Սարգսյանի հարցազրույցներից մեկը, իսկ 6-ում տեղավորեց գազի սկանդալը, «երբ կառավարությունը 2011թ-ից սկսած հանրությունից պահել է 300 մլն դոլարի պարտքի գոյությունը, ինչպես նաև պնդել, որ գազի գինը չի փոփոխվի»:
Ըստ Փաշինյանի, սա արվել է միայն մի նպատակով` ընտրական 3 գործընթաց կա անցնելու և իշխանությունները վստահության քվե ստանալու խնդիր ունեին:
Ինչ վերաբերում է առաջին հնգյակին, ապա այստեղ խնդիրները վերաբերում են արագաչափ սարքերին, «երբ երկու տարվա ընթացքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այդ գործիքը քաղաքացիների վրա դրել է լրացուցիչ 11 մլրդ դրամի բեռ, իսկ տարեվերջին այդ բեռը կկազմի 20 մլրդ դրամ»:
Հիշատակեց նաև «Նաիրիտը». «Տ.Սարգսյանի շնորհիվ այս տարիների ընթացքում տրվել է սնանկացման: Վերջին տասը տարիներին իշխանությունները «Նաիրիտ»-ի սնանկացման հարցում մեկը մյուսին ուղղակի աբգոն են արել `մեկը գալիս է, սնանկացնում է, պարտքեր է ավելացնում, հետո մյուսը: Ըստ մամուլի հրապարակումների` Տ.Սարգսյանի եղբայրը ստացել է միլիոններով աշխատավարձ, իսկ «Նաիրիտ»-ի աշխատակիցները մինչև հիմա չեն ստացել մոտ մեկ տարվա աշխատավարձը»:
Երրորդ հորիզոնականում Փաշինյանը նշեց պարտադիր կուտակային բաղադրիչը, երկրորդում` Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի պատմությունը, դե իսկ առաջին` պատվավոր հորիզոնականը անշուշտ պատկանում էր օֆշորային սկանդալին:
«Պարզ է, որ այս ամենի ընթացքում պետք է ունենայինք այն, ինչ ունենք` աղքատություն, սոցիալական ծանր պայմաններ, արտագաղթ: Նվազեցին նաև օտարերկրյա ներդրումները... շնորհակալություն»,- Ն.Փաշինյանը ստիպված եզրափակեց ելույթը, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ազդարարեց, որ հատկացված ժամանակը սպառվել է` «հիթ-շքերթն ավարտվեց, շարունակում ենք» արտահայտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում