Կիսելյովը` persona non grata. Ն.Փաշինյանի առաջարկը (Տեսանյութ)
«Երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում. Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին»,- ԱԺ-ում նիստի մեկնարկին այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ արտգործնախարարությունը պետք է քննարկի Դ.Կիսելյովին ՀՀ տարածքում persona non grata `անցանկալի անձ, հայտարարելու մասին հարցը.
«Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ ԱԺ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ն բոլոր օտարերկրացիներին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով նախագահում էր երեկվա նիստը արձագանքել է, թե դա բանավիճային ակումբ է և ներկա պատգամավորները շատ ակտիվ են մասնակցել դրան. «Այնտեղ չի եղել վիրավորական խոսք՝ ուղղված նահատակներին կամ մեր այլ սրբություններին: Պարզապես բանավեճի արդյունքում եղել են արգումենտներ, և մեր պատգամավորներն ու լրագրողները եղել են իրենց բարձունքի վրա»:
Նշենք, որ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ, ղարաբաղյան թեմային անդրադառնալով, երբ Հայկ Բաբուխանյանը հույս է հայտնել, որ մի օր էլ Ռուսաստանը կճանաչի նաև ինքնորոշվելու Լեռնային Ղարաբաղի իրավունքը, Կիսելյովը ռեպլիկ է բաց թողել՝ «միայն ձեզանից հետո»:
Այնուհետ շարունակել, թե անձամբ կարծում է, որ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն այսօր նշանակում է գործել Հայաստանի ազգային շահերի դեմ և Հայաստանը չպետք է շտապի այդ առումով, որովհետև այն ավտոմատ կերպով պատերազմ է նշանակում:
Ռուս լրագրողը նաև դժգոհել է, թե Երևանում ռուսական դպրոցներ գործնականում չեն մնացել և Հայաստանում ռուսաց լեզուն հեռացող երևույթ է, ինչը նշանակում է, որ ռուսական մշակույթը նույնպես հեռանում է և աստիճանաբար թուլանում է կապը Ռուսաստանի հետ: Իր գնահատմամբ` այդ միտումը շատ վտանգավոր է: Ավելին` նշելով, թե Երևանում տաքսի է նստել, որի վարորդը նույնիսկ ռուսերեն չի կարողացել հաշվել պահանջել է Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, քանի որ դա անշուշտ կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան