Հայերի հիմնավորված ելույթները հիստերիա են առաջացրել Ադրբեջանում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ
Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոուդ» 86-րդ սեմինարի ժամանակ հայկական պատվիրակությունը բողոքել է ոչ կառավարական LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութի հայտարարության դեմ, ինչից հետո հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև բանավեճ է սկսվել:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը գրում է, որՍամութը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «հիմնական սկզբունքները պետք է լինեն պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը», սակայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է, և այն պետք է վերականգնվի»:
Դենիս Սամութի ելույթը ընդունել են ծափահարություններով, սակայն հայկական կողմը դեմ է արտահայտվել:
Այսպես, ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նախ բողոքել է Սամութի ելույթի դեմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի պահանջը «հետ վերադարձնել օկուպացված տարածքները» որպես ագրեսիայի դրսևորում է գնահատել:
Նահապետյանը պահանջել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմեր նշվեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նահապետյանը ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ինքնորոշման հարցի վրա։
Իր հերթին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ ադրբեջանական հողերը «փաստացի օկուպացված են հայերի կողմից», և «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»:
Նա նաև նշել է, որ Կալիֆոռնիայում ավելի շատ հայ է ապրում, քան Լեռնային Ղարաբաղում:
«Ստացվում է, որ «ինքնորոշման իրավունքի» պատրվակով այնտեղ և՞ս պետք է ստեղծվի մի հայկական պետություն: Աշխարհի ավելի քան 30 երկրներում մեծ թվով հայեր են ապրում: Նշանակում է աշխարհում 30-ից ավելի հայկական պետությու՞ն պետք է ստեղծվի»,-ասել է Նովրուզովը:
Նովրուզովից հետո նորից ելույթ է ունեցել Դենիս Սամութը, ով կրկին հաստատել է իր խոսքերը, նշելով, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է:
Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը իր ելույթում մեղադրել է Ադրբեջանին Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին խոչընդոտելու մեջ և նշել, որ Հայաստանը, ըստ էության, շրջափակման մեջ է:
Թևան Պողոսյանը հավելել է, որ Սամութը և մի շարք այլ միջազգային փորձագետներ աջակցում են պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը: Այնուհետև հայ պատգամավորը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերի մասին. «Առաջարկում եմ ծանոթանալ բանաձևի տեքստին: Նախ կարդացե՛ք, թե ինչ է այնտեղ գրված և հետո միայն Հայաստանին ագրեսոր անվանեք»:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները բաղաքի ցույց են անցկացրել ընդդեմ Բաքու հայ պատգամավորների այցելության: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքը, ցույցը տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի դիմաց, որտեղ կանգ են առել հայ պատգամավորները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով ևլայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի ևզգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը ևկոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: