Ադրբեջանը ԵԽԽՎ-ում պահանջում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ և կասեցնել ՀՀ պատվիրակների քվեարկության իրավունքը
Եվրոպայի խորհրդում Ադրբեջանը ներկայացրել է բանաձևի առաջարկ, որով պահանջում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության նկատմամբ սահմանել սանկցիաներ և զրկել նրանց քվեարկության իրավունքից, հեռացնել ՀՀ պատվիրակներին ԵԽԽՎ կառավարող մարմինների աշխատանքից։
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից, առաջարկվող բանաձևում ասվում է, թե «հայկական զինված ագրեսիայի հետևանքով ադրբեջանական տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և հարևան 7 շրջանները, օկուպացվել են և 1 մլն ադրբեջանցիներ տեղահանվել են։ Զինված օկուպացիան Ադրբեջանին հասցրել է նյութական և բարոյական մեծ վնասներ»։
Բանաձևի նախագծում ասվում է․ «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի անօրինականությունը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԽԽՎ-ի Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերում և փաստաթղթերում, որոնք պահանջում են անհապաղ վերջ տալ օկուպացիային։ Հայաստանը միջազգային հանրության առաջ օկուպացիայի համար կրում է միջազգային իրավական պատասխանատվություն ավելի քան 22 տարի։ ԵԽԽՎ 1416 բանաձևը հաստատում է, որ պետության կազմից մեկ տարածաշրջանային միավորի անկախությունը և անջատումը կարող է տեղի ունենալ միայն իրավական և խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե տվյալ տարածքի անեքսիայով մեկ այլ պետությանը։ ԵԽԽՎ-ն միաժամանակ հաստատել է, որ մեկ պետության կողմից մեկ այլ օտար տարածքի օկուպացիան համարվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից տվյալ պետության ստանձնած պարտավորության կոպիտ խախտում։ 2014թ․-ի ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որով ևս մեկ անգամ հաստատեց և ընդգծեց վերոնշյալ սկզբունքների կարևորությունը։ Նույն բանաձևում, վկայակոչելով Ղրիմը, նշվել է, որ տեղի է ունեցել այս սկզբունքների խախտում և ԵԽԽՎ-ն կասեցրեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության քվեարկության իրավունքը և հեռացրեց նրանց Վեհաժողովի կառավարող մարմինների աշխատանքից»։
Ադրբեջանը բանաձևով առաջարկում է ընդունել միասնական մոտեցում և ընդունել նույն պատժամիջոցները Հայաստանի պատվիրակության նկատմամբ՝ «մինչև Ադրբեջանի տարածքների անօրինական օկուպացիայի վերջը»։
Առաջարկվող բանաձևի տակ ստորագրել են ԵԽԽՎ 58 պատգամավորներ, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ հունիսի 23-ից 27-ը։ ԵԽԽՎ-ում հանդես կգա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի այցը կապված է ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում