Շարմազանովն ընդդիմությանը. Ինչ է նշանակում գալ և 70 հոգու դասեր տալ
Խորհրդարանական ընդդիմությունն այսօր հունից հանեց ու նյարդայնացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:
«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե մենք գտնվում ենք ոչ թե խորհրդարանում, այլ տարրական դասարանում: Ինչ է նշանակում գալ և յոթանասուն հոգու դասեր տալ` սենց պիտի լինի, նենց պիտի լինի: Մենք հարգում ենք քաղաքական բազմակարծությունը, բայց ոչ մեկին դասեր չենք տալիս»,- հայտարարեց նա` նյարդայնանալով հատկապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթից, որում վերջինս մի շարք մեղադրանքներ ներկայացրեց իշխանություններին:
Է. Շարմազանովը հատկապես զայրացած էր այն արտահայտությունից, թե քաղաքական մեծամասնությունը կարդացած չէ:
«Ինչ է նշանակում` կարդացած չեք կամ` մեծամասնության մեջ պեղեք Արծվիկ Մինասյանի նման պատգամավոր: Ես նրան շատ հարգում եմ, նա շատ խելացի ու հայրենասեր պատգամավոր է, բայց արդյո՞ք հարիր է նման կերպ խոսել ԱԺ-ում, մենք մեզ թո՞ւյլ են տվել քաղաքական փոքրամասնության հասցեին նման հայտարարություններ անել»,-ասաց Շարմազանովը:
Նաև հորդորեց իշխանությունների մոտալուտ կործանման մասին քիչ խոսել, քանի որ դրանք մերկապարանոց հայտարարություններ են:
Խորհուրդ տվեց նաև քիչ նյարդայնանալ ձախողումների համար.«Մի նյարդայնացեք. Ես հասկանում եմ, գուցե երեկվա ձեր ծրագրերը ձախողվեցին, քաղաքական մեծամասնությունը քվորումն ապահովեց և դա ձեզ նյարդայնացրեց ու խառնեց ձեր խաղաքարտերը, դրա համար էլ հիմա եկել եք այս ամբիոնից ոչ թե բուն նախաձեռնությունից եք խոսում, այլ վիրավորում եք: Չի կարելի»:
Է. Շարմազանովը նաև հավելեց, թե ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի նետի: