«Իրաքում և Շամում իսլամական պետությունը» սպառնալիք՝ Իրանի սուննիաբնակ նահանգների անվտանգությանը
Ավելի քան երեք տարի Սիրիայում ընթացող պատերազմը դեռ չավարտված՝ «սիրիական ճգնաժամով» վարակվեց նաև հարևան Իրաքը. Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ւրաքում երկու շաբաթվա ընթացքում «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման և Իրաքի բանակի միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել:
Իրանի փորձագիտական շրջանակներն ԻՇԻՊ-ի՝ Իրաքում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորում են Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Բաշար ալ-Ասադի հաղթանակով և Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում շիա վարչապետ Նուրի ալ-Մալեքիի գլխավորած կուսակցության արձանագրած հաջողությամբ:
Եթե Սիրիայի հարցում Իրանի իշխանությունները փորձում են վարել զսպված և զգուշավոր քաղաքականություն, ապա Իրաքի պարագայում խնդիրը միանգամայն այլ է. այս դեպքում ռազմական գործողությունները ծավալվում են Իրանի անմիջական սահմանների մոտ, ինչն էլ սպառնում է այդ երկրի ազգային անվտանգությանը:
Թերևս այդ հանգամանքով էր պայմանավորված, որ Իրաքում անկայունության առաջացման առաջին իսկ պահից Իրանն ամենաբարձր մակարդակով հայտարարեց ճգնաժամի հաղթահարման գործում լուրջ ներգրավածություն ունենալու վճռականության մասին:
Իրանն ու Միացյալյալ Նահանգները թերևս առաջին երկրներն էին, որոնք իշխանության ամենաբարձր մակարդակով Իրաքի հարցում դիրքորոշում հայտնեցին:
Եթե Իրանի պարագայում խնդիրը պարզ է, ապա ո՞րն է Միացյալ Նահանգների մոտեցումը. Թեհրանն ու Վաշինգտոն կհամագործակցե՞ն արդյոք ԻՇԻՊ-ի դեմ պայքարում:
Թեհրանում գտնում են, որ եթե Միացյալ Նահանգների նպատակն Իրաքում կայունության հաստատումը լինի, ապա Թեհրանը կգնա ԱՄՆ-ի հետ համագործակցության, և այդ պարագայում Իրանն Իրաքում ունեցած իր քաղաքական ազդեցությամբ էլ կարող է աջակցել ԱՄՆ-ին, հակառակ պարագայում կստացվի այն, ինչն առկա է սիրիական հարցում:
Անկախ այն հանգամանքից Միացյալ Նահանգների և Իրանի միջև կկայանա համագործակուն թե ոչ, Իրաքում իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու դեպքում Իրանը կդիմի ցանկացած միջոցի՝ այդ թվում ռազմական միջամտության:
Այդ առումով արդեն իսկ Իրանից ուշագրավ «մեսիջ» է հղվել, որն էլ վկայում է Թեհրանի վճռականության մասին: Իրանում մեծ հեղինակություն վայելող բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին ի պաշտպանություն Իրաքի ամբողջականության «ջիհադ» էր հայտարարել:
Դատելով ԻՇԻՊ-ի հայտարարություններից՝ չի բացառվում, որ առաջիկայում այն կակտիվանա նաև Թուրքիայում, Հորդանանում, Ադրբեջանում, ինչու չէ, նաև Իրանում:
Անդրադառնալով Իրանին՝ նկատենք, որ վերջերս Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան շրջանում իրանցի սահմանապահների և «Ջայշ-ուլ ադլ» զինված խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 14 իրանցի սահմանապահ զոհվեց: Իրանի իշխանությունները հենց հաջորդ օրը սահմանապահներին սպանած ահաբեկչական խմբավորման 16 անդամի մահապատժի ենթարկեցին:
Գրեթե նույն ժամանակահատվածում Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Բուրալան շրջանում քրդական «Փեժակ» ահաբեկչական խմբավորման և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սահմանապահ զորամիավորումների միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 1 սահմանապահ զոհվեց:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ վերջին շրջանում Խուզեստանի արաբները Պարսից ծոցի արաբական որոշ երկրների անուղղակի աջակցությամբ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հակապետական գործողություններով:
Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին՝ նկատենք, որ Իրանի պարագայում հատկապես վտանգված են սուննիներով բնակեցված Քորդեստան (ունի շուրջ 2 միլիոն բնակչություն, որի 90%-ը կազմում են քրդերը), Խուզեստան (այստեղ զգալի թիվ են կազմում արաբները), Սիստան և Բելուջիստան (այստեղ հիմնականում ապրում են բելուջներ և ֆարսեր) և Արևմտյան Ատրպատական (հիմնականում բնակեցված է քրդերով և ազարիներով) նահանգները:
Բնականաբար ո՛չ Իրանը և ո՛չ էլ տարածաշրջանի որևէ իսլամական երկիր ապահովագրված չէ ԻՇԻՊ-ի հարուցած «իրաքյան ճգնաժամով» վարակվելու վտանգից, սակայն, փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների (Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Թուրքիա), Իրանի իշխանությունները, ի դեմս ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանումների, անողոք պայքար մղելով ահաբեկչական այս կամ այն խմբավորումների դեմ, վերջին տարիներին կարողացել են պահպանել երկրի ներքին անվտանգությունը:
Արմեն Իսրայելյան, իրանագետ