Ա.Բաղդասարյանը ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից
«Ամիսներ անց ես ուզում եմ ևս մեկ անգամ փաստեմ, որ կոալիցիայից դուրս գալու մեր որոշումը ուներ մի շարք դրդապատճառներ: Մենք եկել ենք հետևյալ եզրահանգումների.
Հայաստանում ձևավորվել է միահեծան, առանց իրական հակակշիռների միակուսակցական համակարգ, տնտեսության մեջ առաջացել է անորոշություն, մենք շարունակում ենք ապրել «յոլլա գնալու» տարբերակով; Հայաստանում ցավոք շարունակվում է արտագաղթը, մտահոգիչ է զանգվածային գործազրկությունը, շարունակական է գնաճը, Հայաստանում միտում է դարձել անօրինականությունների լեգիտիմացումը, Արտաքին քաղաքական ճակատում Հայաստանը ունի մտահոգիչ զարգացումներ, որովհետև Հայաստան-ԵՄ բարեփոխումների օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, խիստ դանդաղ ընթացքի մեջ է, նույնը վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը` մենք տեսնում ենք գործընթաց, որը մեզ հիմքեր չի տալիս դրական եզրահանգումներ անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ կոալիցիայից դուրս գալուց հետո այս երեք ամիսների ընթացքում ունեցել են բազմաթիվ հանդիպումներ հանրապետության տարբեր բնակավայրերում, լսել մարդկանց և սահմանել այն գերակայությունները, որոնցով պետք է գնան առաջ:
Ա. Բաղդասարյանը ներկայացրեց նաև լուծումներ, որ տեսնում է կուսակցությունը այս իրավիճակից դուրս գալու: Դրա հիմքում ընկած է 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին անցնելը, իսկ տնտեսության խթանման համար ՕԵԿ-ը առաջարկում է վերացնել Հայաստանում գործող բոլոր տեսչությունները, նվազեցնել ստուգումների թիվը, կրճատել հարկերը և այլն: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա ՕԵԿ-ը գտնում է, որ պետք է վերջ դրվի երկրում առկա «ամեն ինչից փող հավաքելու» քաղաքականությունը, իսկ իրավական համակարգը կատարելագործելու համար հիմքում նախևառաջ պետք է դրվի քաղաքացին ու իր իրավունքների պաշտպանությունը:
«Մեր առաջարկվող ելքերը մենք համեմում ենք ոչ թե սոսկ խոսքերով, այլ կոնկրետ քայլերով: Նախ, առաջարկելու ենք համագործակցություն` նպատակների, ուժերի համադրում այս նպատակներին հասնելու համար և մենք այս ամենը իրականացնելու ենք ԱԺ-ում ակտիվ գործունեությամբ: Կուսակցությունը ակտիվ մասնակցելու է հանրահավաքային պայքարին` հասանելի դարձնելու համար իր ծրագրերն ու նպատակները հանրությանը»,- նշեց նա:
Անդրադառնալով վերջին զարգացումներին ու օգոստոսի 1-ից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը բանախոսը հավաստիացրեց, որ կուսակցությունը վիճարկելու է այդ որոշումը, քանի որ լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի ոչ թե միայն այդ էլսակագնի բարձրացման որոշումը, այլև գազի սակագնի բարձրացումը.«Գազի գնի թանկացումից հետո երկու տոկոսով ավելացել է «Գազպրոմ Հայաստանի» շահույթը: Ինչո՞ւ պետք է գազի դեպքում շահույթը կազմի երկու տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի պարագայում` 14 տոկոս»:
Ա.Բաղդասարյանը նաև ներողություն խնդրեց քաղաքացիներից թույլ տրված սխալների համար:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով