Առաջարկ ՀՀ-ին՝ Ուրուգվայը դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի այլ երկրների հետ տնտեսական կապեր զարգացնելու համար
Ուրուգվայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ առանձնակի պատիվ է պետական այցով գտնվել Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ուրուգվայում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Երկուստեք մեծապես կարևորվել է միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը:
Զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին, որոնց ակտիվ գործունեությունը, փոխայցելություններն ու շփումները, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համոզմամբ, կարող են զգալիորեն ամրապնդել երկկողմ բարեկամությունը:
Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համոզվածություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պետական այցը Ուրուգվայ արգասաբեր կլինի, և առաջիկայում հայ-ուրուգվայական միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ավելի կհարստանա:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին սիրով ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը այցելելու Հայաստան՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Ուրուգվայի խորհրդարանում և Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին:
Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:
Պետական այցի շրջանակներում Հանրապետության նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Ուրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ ՀՀ նախագահին ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել նաև Ուրուգվայի Գերագույն դատարանի նախագահ դոկտոր Խորխե Լառիյո Ռոդրիգեսի հետ: Օրվա ավարտին ի պատիվ պետական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Խոսե Մուխիկայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Նախորդող հրապարակում՝