Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կանցնի առանց Սերգեյ Լավրովի
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Վիեննայում կայանալիք Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ մինչև հուլիսի 20-ի վճռորոշ նիստը, այս կիրակի նախատեսվում է Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների նիստ հրավիրել, որից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կշարունակվեն բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման շուրջ առկա տարաձայնությունները հարթելուն առնչվող հարցեր:
Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը հայտարարել է, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Պուտինի հետ մեկնելու է Լատինական Ամերիկա, այդ իսկ պատճառով չի մասնակցի նախարարների նիստին:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել մասնակցել հուլիսի 13-ի նիստին:
Իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ էլ՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մարի Հարֆը տեղեկացրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին ևս կմեկնի Վիեննա:
Ինչ վերաբերում է «5+1 խմբի» մյուս անդամ Չինաստանի ԱԳ նախարարի մասնակցությանը, ապա վերջինիս մասնակցության վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորվում:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի ԱԳ նախարար. Հուլիսի 20-ին հուսով եմ պատմական իրադարձության ականատեսը կլինենք
ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի
Օբամա. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց
Իրանի հոգևոր առաջնորդ. Արևմուտքի առաջ քաշած միջուկային խնդիրը միայն պատրվակ է