ՌԴ արտգործնախարարությունը «շանտաժ» է որակել ամերիկյան նոր պատժամիջոցները
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները որակել է «վրեժխնդրության ճղճիմ փորձ ուկրաինական դեպքերը վաշինգտոնյան սցենարով չընթանալու համար»: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Հարևան երկրում խորացող ճգնաժամի ու մարդկային բազմաթիվ զոհեր բերած քաղաքացիական պատերազմի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու զարհուրելի և անհիմն ձգտումը վկայում է ԱՄՆ ռազմավարության և նրանց կիևյան հաճախորդների ձախողման մասին, ովքեր ժողովրդական լայն դժգոհությանը փորձում են ուժով պատասխանել»,-ասված է հայտարարության մեջ:
ԱԳ գերատեսչությունը փոխարենը խորհուրդ է տալիս Վաշինգտոնին «խելքի բերել ուկրաինական իշխանություններին», որոնք Դոնբասի բնակիչների դեմ են նետել ավիացիա, զրահատեխնիկա ու ծանր հրետանի:
«Բազմիցս հայտարարել ենք, որ պատժամիջոցների լեզվով անօգուտ է խոսել Ռուսաստանի հետ, անկախ դրանց բովանդակությունից ու ծավալներից: Այդ ճանապարհը որևէ լավ բանի չի կարող բերել: Դա վերաբերում է նաև ռուսական ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ ոտնձգություններին: Սեփական բացառիկության ու աշխարհին իրենց կամքը թելադրելու իրավունքի մասին հավաստիացնողներին անխուսափելիորեն սպասվում է դառը հիասթափություն», - ասված է հայտարարության տեքստում, որում նշվում է նաև, թե Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել շանտաժի հետ և իրեն իրավունք է վերապահում հանդես գալ պատասխան քայլերով:
Նշենք, ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկնաբանել էր ամերիկյան պատժամիջոցները, զգուշացնելով, թե դրանք կարող են «բումերանգի ազդեցություն» ունենալ:
Նախօրեին Միացյալ Նահանգները ուկրաինական ճգնաժամի պատճառով խստացրել էր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները: Նոր պատժամիջոցներ էին սահմանվել, մասնավորապես, ռուսական խոշոր բանկերի, էներգետիկ և պաշտպանական կորպորացիաների, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Նախորդող հրապարակում`
ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտ», «Գազպրոմբանկ» ու ևս մի շարք ընկերությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան