Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել շփման գծի դիտարկման մամուլի հրապարակումների վերաբերյալ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին ստեղծված լարվածության և դրանք լուսաբանող մամուլի հրապարկումների առնչությամբ: Այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Շփման գծում արձանագրված վերջին միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները մտահոգության առիթ են հանդիսանում: Ցանկացած կորուստ ողբերգություն է զոհվածի ընտանիքի անդամների և հարազատների համար: Այս առնչությամբ ԵԱՀԿ գործող նախագահն ու համանախագահներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը օգոստոսի 2-ին տարածած հայտարարության մեջ:
Իմ լիազորությունների շրջանակներում շարունակելու եմ կապ պահպանել կողմերի հետ՝ այդ թվում ամենաբարձր մակարդակով՝ նպատակ հետապնդելով թուլացնել լարվածությունը: Ես և իմ ղեկավարած խումբը շարունակելու ենք դիտորդական առաքելությունները, որոնք կազմակերպվում են կողմերի համագործակցությամբ, ինչպես տեղի ունեցավ վերջին անգամ սույն թվականի օգոստոսի 1-ին:
Յուրաքանչյուր դիտարկման ժամանակ իմ թիմի անդամները մոտենում են հայ-ադրբեջանական սահմանին, հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանում համապատասխան կողմերից, ինչպես նաև այլ վայրերում ընդհանուր իրավիճակից, այնուհանդերձ դիտարկումն անցկացվում է մեկ կոնկրետ վայրում: Մենք հնարավորություն ենք ընձեռում նաև տեղի հրամանատարներին բարձրաձայնել երկուստեք մտահոգության առարկա հանդիսացող հարցեր և թուլացնել լարվածությունը:
Դիտարկման վերաբերյալ զեկույցները փոխանցվում են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբի անդամներին: Միջադեպերի վերաբերյալ զեկույցներն իմ գրասենյակի կողմից հանձնվում են նաև ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: Մենք հրապարակավ չենք մեկնաբանում ինչպես կոնկրետ դիտարկման ընթացքը, այնպես էլ դրա եզրահանգումները: Նմանօրինակ տեղեկատվություն պարունակող մամուլի հրապարակումները հիմնված չեն իմ գրասենյակի տրամադրած տեղեկատվության վրա», - ասված է Կասպրշիկի տարածած հայտարարությունում:
Նախորդող հրապարակումներ`
Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության դեպքերի բռնկումներով
ԵՄ-ն կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը
ԵԱՀԿ նախագահողն ու համանախագահները հայտարարություն են տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան