Ահմեթ Հաքանը դատապարտել է Էրդողանի ռասիստական խոսքերը հանդուրժած հաղորդավարի պահվածքը
Թուրք անվանի լրագրող, վերլուծաբան Ահմեթ Հաքանը դատապարտել է ոչ միայն Էրդողանի հակահայ ռասիստական արտահայտությունը, այլ նաև հաղորդավարի` Օղուզ Հաքսևերի ցուցաբերած անտարբեր լռությունը: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի իր սյունակում Հաքանը Էրդողանի ռասիստական արտահայտությունը հանդուրժած լրագրողին անվանել է «երկչոտ քծնանքից բացի այլ բանի անընդունակ միմոս»:
Հաքանը նախ հիշեցնում է NTV հեռուստաալիքի եթերից Էրդողանի արած արտահայտությունը. «Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:
Այնուհետև Հաքանը նշում է, որ վարչապետի կողմնակիցները հիմա զբաղված են այդ արտահայտության վատ հետևանքները շտկելով: Ու մի քանի տարբերակներով են դա փորձում անել:
- Չի ցանկացել այդպես ասել:
- Ցանկություն չի ունեցել ասելու, թե հայ լինելը վատ բան է:
- «Վատ բան» ասեոլով Էրդողանը նկատի է ունեցել «հայի վիժվածք» արտահայտությունը
- «Վատ» բառից ցանկացել է բխեցնել «վիժվածք» իմաստը, այլ ոչ թե հայ լինելու իմաստը:
Թե որքանով կհաջողվի Էրդողանի կողմնակիցներին շտկել իրավիճակը, դեռ պարզ չէ: Բայց Հաքանն իր քննադատությանը թիրախ է դարձրել նաև հաղորդավարին, ով լուռ լսել է Էրդողանի խայտառակ խոսքերը:
«Եթե այդ հեռուստահաղորդմանը Էրդողանի դիմաց նստած լիներ ոչ թե «երկչոտ միմոս»,- գրում է Հաքանը,- այլ լրագրության պատիվը բարձր պահող պատվախնդիր լրագրող, ապա նա իսկույն կմիջամտեր ու հարց կտար Էրդողանին:
- Ներեցեք, բայց վրացի լինելը վա՞տ բան է:
- Ներեցեք, իսկ հայ լինելը վրացի լինելուց ինչո՞ւ է ավելի վատ բան:
- Դուք ինչո՞ւ եք հույն կամ հայ բառն օգտագործելուց առաջ ներողություն խնդրում:
- Մենք ի՞նչը ներենք ձեզ, երբ դուք հույն կամ հայ բառն եք օգտագործում:
- Դուք տարիներ առաջ չէ՞իք ասել` «Ես վրացի եմ»:
- Ինչո՞ւ եք օրակարգ բերում վրացի, հայ, ալևի, քուրդ, զազա, հույն թեմաներով հարցերը:
- Վրացուն, հային, հույնին, ալևիին, զազային մի՞թե աստված չի ստեղծել:
Բայց արի ու տես, որ ... վարչապետի դիմաց իրական լրագրողի փոխարեն միմոս էր նստած, ով ոչ միայն նման հարցրեր չհնչեցրեց, այլ վախեցավ նույնիսկ մտքով անցկացնել դրանք»,- եզրափակում է Ահմեթ Հաքանը:
Նախորդող հրապարակում`
Էրդողանը հերթական ռասիստական հայտարարությունն է արել