«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
Օգոստոսի 8-ին Ադրբեջանում սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ադրբեջանական Աղբուլաղ գյուղի Ռոյալ Իսմախանօղլու Գուլիևի բակում հայտնվել էր օգոստոսի 7-ին ժամը 1-ին և թեյ խնդրել:
Ադրբեջանական «Ազեր լայֆ» կայքի ռեպորտաժում Գուլիևը պատմում է, որ մոլորված հային առաջինը նկատել է իր մայրը, ումից նա թեյ է խնդրել, իսկ Գուլիևից՝ ծխախոտ:
Գուլիևի մայրը պատմում է, թե ինչպես է նկատել Կարեն Պետրոսյանին իր բակում. «Եկա դռան մոտ, տեսա մի մարդ կռացած նստած է, ասեցի` այ տղա, դու ո՞վ ես, նա էլ ինձ` թեյ, թեյ…Հետո տղայիս ասացի` այ տղա, հայ է եկել, ասեց` որտեղ, ասեցի` դռան մոտ է, հետո հարևանները եկան, սկսեցին հարցուփորձ անել… Տարանք չայխանա, հետո էլ զինվորականները եկան»:
Հատկանշական է, որ այնուհետ ռեպորտաժում ներկայացվում են տեղի բնակիչների և հայ գերու հետևից եկած զինվորականների քաշքշուկի կադրեր: Ըստ ամենայնի` զինվորականների պահվածքը այնպիսին է եղել, որ վախեցրել է գյուղացիներին` հայերի հնարավոր նմանատիպ պատասխանից:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ռեպորտաժում Ֆարիզա Թաղիևան ևս անհանգստություն հայտնեց: Նա նաև պատմում է, թե ինչպես էին տեղի բնակիչները Կարենին հարցնում, թե ինչու է վախեցած, իսկ նա պատասխանում էր, որ իր հետ ոչինչ չունի, զենք չունի, որ անունը Կարեն է:
Թաղիևան է Հայաստանի քաղաքացուն տարել գյուղի թեյարան: Այնտեղ նրան մոտեցել են Աղբուլաղի երիտասարդները և սկսել հարցուփորձ անել:
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի, ստուգեցի` բան չկար մոտը»,- պատմում է տեղի բնակիչ Նիյամաթ Մամադովը և նշում, որ Կարենը եղել է սպորտային կոշիկներով, ոչ մի զենք չի ունեցել, որևէ դիմադրություն էլ ցույց չի տվել:
Երիտասարդը նաև պատմում է, որ Կարենի մոտ սովորական հեռախոս է եղել, որում եղել են մի քանի զինվորականների նկարներ:
Հարցին, թե` դո՞ւ ես, Կարենը պատասխանել է, որ եղբայրն է: Զրույցը դադարել է, երբ զինվորականներն են եկել:
Տեղի բնակիչները չեն հավատում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տարբերակին, թե Կարեն Պետրոսյանը դիվերսանտ է եղել:
Թաղիևան պատմում է նաև, որ իրենց գյուղը հայկական դիրքերից հեռու է գտնվում և նույնիսկ սահմանային գյուղի կարգավիճակ չունի: Վերջին փաստով գյուղացին հայտնում իր անհանգստությունը, որ իշխանությունների ուշադրությունից դուրս են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնել էին Պետրոսյանի «հանկարծակի մահվան» մասին: Տեղեկատվության համաձայն՝ նա մահացել է Բաքվում, իսկ դիահերձումը կատարել են Գյանջայում:
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կարեն Պետրոսյանը Չինարի գյուղի բնակիչ էր և օգոստոսի 7-ին մեկնել էր գյուղի հարևան անտառ՝ փայտ բերելու: Ըստ ամենայնի` Պետրոսյանը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Սա հաստատվում է նաև ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական տեղեկություններով:
Նախորդիվ՝
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին