Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ հանրապետության ղեկավարը պարզաբանել է, որ այս հանգամանքից ելնելով էլ Հայաստանը մշտապես պատրաստակամ է մասնակցելու խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպման:
Խոսելով տևական ընդմիջումից հետո օգոստոսի 10-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին՝ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ»:
Սոչիում նախօրեին կայացած նախագահների մակարդակով հանդիպումը 2008 թվականից ի վեր թվով 19-րդն էր: Մինչ այդ նախագահները վերջին անգամ հանդիպել էին 2013 թվականի նոյեմբերի 19-ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Նախորդող ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 18 հանդիպումներից 9-ը եղել էին երկկողմ, իսկ մնացած 9-ը՝ եռակողմ ձևաչափով: Դրանց մասնակցում էր նաև ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով 2008-2012թթ. Ժամանակահատվածում ինտենսիվորեն ներգրավված էր ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թեև երկկողմ ձևաչափով հանդիպումների ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում պահել է ղարաբաղյան հիմնախնդրի թեման, սակայն նա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամն է նախաձեռնել և մասնակցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան