Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերը նույն ինտենսիվությամբ չեն շարունակվի: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով սահմանային միջադեպերի հնարավոր շարունակությանը:
«Ես չեմ կարծում, որ նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետև նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին: Մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ̀ որոշակի կորուստներով»,- ասել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով միջադեպերի կանխարգելման մեխանիզմներին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում̀ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք»:
Տեղեկացնենք, որ 2009 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար հանդես են եկել հայ-ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու և սահմանային միջադեպերը հետաքննելու միջազգային մեխանիզմներ ներդնելու առաջարկությամբ: Դրանք հայկական կողմը հավանության է արժանացրել, իսկ Ադրբեջանը մերժել է:
Նախորդող`
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան