Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Սոչիում նախատեսված հանդիպմանն ընդառաջ շփման գծում իրավիճակը թեժացնելով Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսկերպ փորձում է և միջազգային հանրությանը ազդակ հղել, և հայկական կողմին, ինչպես նաև լուծում է ներքաղաքական խնդիրներ:
Պատասխանելով այս թեմային առնչվող հարցին, ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է. «Տարբեր նպատակներ կան: Իհարկե, ամենագլխավոր և կարևոր նպատակն այն է, որպեսզի միջազգային հանրությանը հասցվի այն գաղափարը, այն միտքը (և Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, և պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը: Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում:
Հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի ղեկավարությունն իր առջև դնում է, դա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»: Նրանք ուզում էին ցույց տալ և իրենց, և ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, և իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի:
Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է. Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով: Կարելի է նաև այլ նպատակներ և պատճառներ ասել, բայց, կարծում եմ, հիմնական նպատակներն այս երեքն են»:
Նախորդող`
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»