Իրաքի մահվան լեռը. Սինջար
The Telegraph պարբերականը լայնածավալ հոդված է տպագրել մահվանից փախած և Իրաքի Սինջար լեռան վրա ապաստանած եզդիների վերաբերյալ, ովքեր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամների վայրագությունների պատճառով ստիպված էին լքել իրենց տները և քաշվել լեռները: Հոդվածը հիմնված է եզդիների շրջանում անցկացրած հարցազրույցների վրա. ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Չոր լեռներում եզդիները այծերի դեմ են կռվում ջրի համար: Հեռավորությունից երևում են «Իսլամական պետության» անցակետերի սարսափազդու լույսերը: Սինջար լեռան վրա ապաստանած մարդը ինձ ասաց, որ ջիհադիստները հարձակվել են իրենց գյուղի վրա` սպանելով բոլոր չափահասներին և առողջ տղամարդկանց: Մեկն էլ փոխանցեց, որ դրանք (խմբավորման անդամները) բռնաբարել են հարյուրավոր կանանց: Տեղեկությունների են գալիս նաև այն մասին, որ կենդանի-կենդանի այրել են կանանց և երեխաների, իսկ փրկվածները լեռներում կռվում են ծարավի ու հիվանդությունների դեմ:
Երեխաների մոտ փորլուծության դեպքեր են գրանցվել: Մինչև Իրաքի բանակի բժշկական թիմի ժամանումը` բժշկական տարրական սարքավորումներ նույնիսկ չեն եղել:
Հանգստյան օրերին մոտ 150.000 մարդ է բարձրացել լեռը: Անհնար է ասել, թե քանիսն են մահացել լեռը մագլցելիս: Հետդարձի ճանապարհ չկա, քանի որ նրանց մահն է սպասում:
Իրաքի մարդու իրավունքի պաշտպանության հարցով նախարար Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի տվյալներով` սպանվել է 500 եզդի, որոշները կենդանի այրվել են:
«Կառավարությունն ունի այդ նկարները: Հազարավոր կանանց առևանգել և տարել են Մոսուլ»,-ասել է նա` ավելացնելով, որ որոշ նկարներում գնդակահարված եզդիների դիեր են, մինչդեռ «Իսլամական պետության» զինյալները ուրախանում են և դիակների վրա թափահարում իրենց զենքերը:
Եզդիների զանգվածային սպանությունների, առևանգումների ու խոշտանգումների մասին պատմում են նաև Սինջարի այլ բնակիչներ:
Նրանք որպես ականատեսներ վկայում են, թե ինչպես են ջիհադիստները նրանց տանջել, առևանգել ու բռնաբարել կանանց»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը վերանվանվել է «Իսլամական պետության», հունիսի վերջ Սիրիայում և Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա հռչակել է խալիֆայություն: Նրանք ավերում են եկեղեցիներ և մզկիթներ, իսկ էթնոդավանական փոքրամասնություններին ստիպում կամ իսլամի ընդունել, կամ հարկ վճարել կամ էլ մահանալ:
Նախորդող`
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)