Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ տանկիստներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ,
Շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է:
Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն էլ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրեք տղաներ»:
Տեղեկացնենք, որ ռուսական «Ալաբինո» վարժարանում անցկացված Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը, որին ամսնակցում էին 14 երկրների տանկային անձնակազմեր, Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները եզրափակիչ արդյունքներչով գրավել են երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն տանտերերին: Հատկանշական է, որ առաջնության մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները հանդիսացել են պայմանագրային զինծառայողներ, այսինքն՝ պրոֆեսիոնալներ, իսկ Հայաստանը ներկայացնող անձնակազմերը, բացի սպայական կազմից, համալրված են եղել ժամկետային զինծառայողներով: