Բաբայան. Ադրբեջանի իշխանություններն իրենց անհարգի խարդավանքների մեջ ներքաշել են նաև Իրաքի իշխանություններին
Պաշտոնական Բաքուն անհարկի շահարկում է Արցախի` բարեկամ եզդի ժողովրդին իր տարածքում ընդունելու բարի կամքի դրսևորումը: «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը`շեշտելով, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները իրենց անհարգի խարդավանքների մեջ ներքաշել են նաև Իրաքի իշխանություններին:
«Արցախի Հանրապետությունում եզդիներին ընդունելու հայտարարությունը բարոյական աջակցություն էր նրանց, քանի որ դա այն ժողովուրդն է, որ դարձել է հայության անբաժան բարեկամը, և մենք չենք կարող անտարբեր լինել: Ինչ վերաբերում է Ադրբեջանում Իրաքի դեսպանատան հայտարարությանը, ապա մենք նույնպես չենք ցանկանում, որ եզդիները կորցնեն իրենց պատմական հայրենիքի մի մասը, սրբավայրերը, որ Իրաքում են գտնվում: Իշխանությունները պետք անեն ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտան որ ցեղասպանություն տեղի ունենա»,- նշել է Բաբայանը:
Անդարադառնալով Ադրբեջանում Իրաքի դեսպանատան այն հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղն իրենք ճանաչում են որպես Ադրբեջանի տարածք»` ԼՂՀ նախագահի խոսնակն ընդգծել է, որ Իրաքի դրդապատճառները հասկանալի են:
«Իրաքը գտնվում է շատ ծանր իրավիճակում, և նման հայտարարություն անելու դրդապատճառները հասկանալի են, քանի որ Իրաքի իշխանությունները ձգտում են իրենց տարածքային ամբողջականությունը պահպանել: Բայց դա մեր վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Ամեն պետություն իրավունք ունի ունենալ իր դիրքորոշումը, կարծիքը»,- պարզաբանել է Բաբայանը:
Օրեր առաջ Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին, և որ նախևառաջ քաղաքական գնահատական պետք է տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում:
Այս հայտարարությանն ի պատասխան, ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության, օգոստոսի 20-ին պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանում Իրաքի դեսպանատունը` նշելով, որ «քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չեն կարագավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Իրաքը դեմ է, որ իր քաղաքացիներն այցելեն «օկուպացված» տարածքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան