«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է»
«Հարգելի գործընկերներ, մենք սկսում ենք քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան, և ինչպես ընդունված է քաղաքականության մեջ՝ մենք սկսում ենք քաղաքական նոր սեզոն: Խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում և ընդհանրապես մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում վճռորոշ է հանրապետականների դերակատարությունը, հետևաբար՝ ամառային ավելի հանգիստ և համեմատաբար պասիվ ամիսներից հետո մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ակտիվ աշխատանքային միջավայրն ու նոր թափ հաղորդենք մեր ծրագրերի իրականացմանը, -այս մասին հայտարարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում:
Սերժ Սարգսյանն իր կուսակցական ընկերներին ներկայացրել է նաև մեր երկրի արտաքին քաղաքականության որոշ ուղղություններով վերջին զարգացումներն ու առկա մարտահրավերները, համատեղ ուժերով և ակտիվ մասնակցությամբ դրանց դիմակայելուն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հասարակական լայն քննարկումներից հետո նախատեսվող հետագա գործընթացները:
«Խորհրդարանական մեր խմբակցության աշխատանքը, ինչպես միշտ, լինելու է թե ողջ հասարակության և թե մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Ես գիտեմ, որ մեր խմբակցությունում և ընդհանրապես խորհրդարանում ամառային ամիսներին էլ բավականաչափ ակտիվ աշխատանք է իրականացվել, օրենքների նախագծեր են մշակվել, միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ են աշխատանքներ կատարվել, հատկապես մեծ աշխատանք է իրականացվել կուսակցական տեղական կառույցների հետ ուղիղ և հետադարձ կապի ամրապնդման ուղղությամբ: Ինձ դուր է գալիս այն ակտիվությունը, որով դուք աշխատում եք Լեռնային Ղարաբաղի և նրա ղեկավարության հետ:
Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում բոլոր պատգամավորների և բնական է, առաջին հերթին մեր պատգամավորների ակտիվությունը հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, երբ մեր սահմաններում լարվածություն կար և երբ ձեզնից շատ-շատերը գնացին առաջին գիծ, գնացին սատարելու մեր զինվորներին, և մենք բոլորս միասին ունեցանք հաջողված, եթե կարելի է այսպես ասել՝ այդ փուլի ավարտ:
Բայց այս ամենը, իհարկե, ես դիտարկում եմ որպես ամառային ռեժիմի մաս, ամառային ռեժիմի համատեքստում եմ դիտարկում սա, և հիմա մենք պետք է գործենք քառապատիկ ավելի ծավալով ու ջանքով: Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան:
Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը:
Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,-ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի անդամներին ուղղված իր խոսքում:
Նախորդիվ`
Մեկնարկեց ՀՀԿ խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները