ԼՂՀ արտգործնախարարը՝ աշխատանքային այցով Բասկերի Երկրում է
Նախօրեին սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր։
Այցի առաջին օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանյագայի հետ։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ողջունելով Կարեն Միրզոյանին՝ Մարտին Գարիտանո Լարանյագան հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի Երկիրը հասնելու են միջազգային ճանաչմանը։
Իր հերթին Կարեն Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ հաստատվող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նույն օրը Կարեն Միրզոյանն նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել նահանգային կառավարության տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Գիպուսկոայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք ձեռնարկություններ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և գյուղատնտեսության, համագործակցությանն առնչվող հարցեր։
Կայացել է նաև Կարեն Միրզոյանի հանդիպումը Բասկերի Երկրի համալսարանի (ք.Բիլբաո) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Բասկերի Երկրի և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության հաստատման ուղիները։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։
Հանդիպումների ընթացքում Կարեն Միրզոյանին ուղեկցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան