Ադրբեջանի վարքագծի անտեսումը բերել է ամենաթողության. ՀՀ նախագահ
Հանրաքվեի ինստիտուտը դառնում է էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը: Այսօր ՄԱԿ-ում ունեցած ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վկայակոչելով Շոտլանդիայում կայացած հանրաքվեն, և կարևորել, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները ևս հիմնված են հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի վրա:
Իր խոսքում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` Սերժ Սարգսյանը նշել է. «Արդեն 20 տարուց ավել է, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարևան պետության ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն»: