Սերժ Սարգսյանը շեշտեց, որ որևէ գնի դիմաց հայերը Ղարաբաղը երբեք չեն տա. Իսկանդարյան
Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարևորում է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը այն իմաստով, որ նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ներկապնակն իր ամբողջության մեջ` ղարաբաղյան հիմնախնդիր, ցեղասպանության 100-ամյա տարելից, հարևանների հետ փոխհարաբերություններ, ավելի ճիշտ` տարածաշրջանում հարևանություն անելուն խոչընդոտող խնդիրներ:
«Խոսքը հատկապես Թուրքիային է վերաբերում, որը հայ-թուրքական արձանագրությունները շարունակ կապում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Նախագահը նշեց, որ այսօրվա դրությամբ գրեթե անիմաստ է խոսել գործընթացի շարունակականության մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` շարունակելով, որ նախագահ Սարգսյանն իր ելույթում նաև մատնանշել է Ադրբեջանին, որը կոպտորեն խախտել է բոլոր միջազգային նորմերը և պարտավորությունները, որ Ադրբեջանը ժամանակին ստանձնել է` թեկուզ և նույն ՄԱԿ-ի շրջանակում:
«Ելույթի առանցքային մեխերից մեկը նա էր, որ խոսք չի կարող լինել ինչ-որ նախապայմանների մասին և որ դա է Հայաստանի հստակ դիրքորոշումը: Փաստացի Սերժ Սարգսյանն ասաց, որ Ղարաբաղը որևէ գնի դիմաց հայերը երբեք չեն պատրաստվում տալ և սա է թերևս ամենագլխավոր ուղերձը»,- շեշտեց Ա.Իսկանդարյանը:
Քաղաքագետը կարևորեց նաև ելույթի այն հատվածը, որում Հայաստանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պետություններին, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից. «Եվ առհասարակ` նախագահի ելույթը անդրադառնում էր ամենին, ինչը բառացիրոեն նշանակում է` Հայաստանը շարունակելու է զարգանալ ու զարգացնել իր փոխհարաբերությունները միջազգային հանրության հետ, այդ թվում և բոլոր այն երկրների, որոնց հիշատակել է»:
Վերադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Ա.Իսկանդարյանին նախ հիշեցրեցինք, որ հասարակական-քաղաքական շրջանակներում առկա է այն համոզումը, որ դրանք պետք է դուրս բերվեն ԱԺ օրակարգից, ինչպես նաև հետաքրքրվեցինք` նախագահի հղումը ժողովրդական լեզվին արդյո՞ք դա էր ակնարկում. «Նախագահն իր այդ արտահայտությամբ ցույց տվեց, որ հանրության շրջանում գոյություն ունի խնդիր, որ Թուրքիան կապում է հայ-թուրքական արձանագրությունները ինչ-որ այլ բաների հետ, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հետ: Այո, նախագահը նշեց, որ հայ-թուրքական փակ սահմանը վատ է, բայց դա չի ենթադրում որևէ նախապայման: Եվ քանի որ հակառակը Թուրքիայի կողմից մենք դեռ չենք տեսնում, ապաև հայ ժողովուրդը ավելի ու ավելի է ամրապնդվում այն մտքում, որ արձանագրություններն ու մնացածը ուղղակի իմաստ չունեն»:
Քաղաքագետ Իսկանդարյանը շեշտեց, որ սա ևս մեկ անգամ ասում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց ոչ ոք չի պատրաստվում վերադարձնել Ղարաբաղը, ինչն ակնհայտ էր թե մինչև ֆուտբոլային դիվանագիտության, թե դրան հաջորդած ժամանակահատվածում. «Եթե հայերը ցանկանային Ղարաբաղը տալ նույն հայ-թուրքական սահմանի դիմաց, ապա ինչո՞ւ էին սպասում մինչև 2009թ-ը` կտային 1994-ին: Դա աբսուրդ է և հենց սա էր, որ շեշտեց նախագահ Սարգսյանը. հայ հասարակությունը չի ընդունում որևէ խոսակցություն նախապայմանների մասին, որոնք, առավել ևս, չէին պարունակվում հայտնի արձանագրություններում»:
Հիշեցնենք, նախագահը մասնավորապես ասել էր. «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:
Հարակից հրապարակում`
«Գրողի ծոցը վավերացնեք». Սերժ Սարգսյանի խոսքը՝ ՄԱԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները