Իրանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ
«Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարող են տարածաշրջանում լավ օրինակ լինել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Իրանի նախագահի առաջին տեղակալն այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստին, նշել է, որ դա լավ առիթ է, որպեսզի Իրանի և Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներն օգտվեն դրանից և ներդրումներ կատարեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, բնապահպանության, մշակույթի ոլորտներում առկա երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել էլեկտրահաղորդման երրորդ հոսքագծի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի նախագահությամբ ստեղծել համատեղ բարձրագույն հանձնաժողով:
Բացի պաշտոնական հանդիպումներից, նախատեսվում է, որ վաղը Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Վարչապետին ուղեկցում են էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, ֆինանսների, բնապահպանության, մշակույթի և սփյուռքի նախարարները: