Նավթի գնի անկման հետևանքով սոցիալական ծախսերի կրճատումը կարող է Ադրբեջանում հանգեցնել ժողովրդական հուզումների
Ադրբեջանում նախագահական ընտրություններից մեկ տարի անց, երբ վերընտրվեց Իլհամ Ալիևը, Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ (ԴՈւԱԽ) ընդդիմադիր խմբավորումը Բաքվում ցույց է անցկացրել՝ ի նշան բողոքի իշխանությունների՝ երկրում ակտիվիստների աննախադեպ կոշտ հետապնդումների դեմ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Հոդվածում նշվում է, որ համաձայն Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում երկրի իշխանությունները կտրուկ ուժեղացրել են բռնաճնշումներն ակտիվիստների նկատմամբ՝ ձերբակալելով նրանցից առնվազն 9-ին քաղաքական նկրտումներից ելնելով:
Այս ձերբակալությունների ալիքը, ըստ աղբյուրի, հանգեցրել է ոչ միայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների (օրինակ՝ Human Rights Watch), այլև Եվրոպական խորհրդարանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քննադատությանը: Միևնույն ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ընդդիմության ցույցից մի քանի օր անց Ալիևը համաներում է ստորագրել, սակայն կարևոր է նշել, որ հենց նույն օրը նա փոփոխություններ է մտցրել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենքի այն կետում, որը վերաբերում է արտասահմանյան դոնոր կազմակերպություններից գրանտային գումարներ ստանալուն:
«Բռնաճնշումների նման պատկերը, որն ուղեկցվում է հազվադեպ զիջումներով, հարում է Իլհամ Ալիևին այդ պաշտոնում նախորդող հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման փուլին»,-նկատում է հոդվածագիրը:
Այդուհանդերձ, հեղինակը հավաստիացնում է, որ Ադրբեջանը բախվում է մեկ այլ՝ առավել լուրջ սպառնալիքի: Խոսքը նավթի գնի անկման մասին է: Այսպես, 2014-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ նավթի գինը կազմում է 86.58 ԱՄՆ դոլար:
Հեղինակը շեշտում է՝ 2013-ին Ադրբեջանում արտահանման ընդհանուր ծավալների 84.44 տոկոսը բաժին էր ընկնում հում նավթին: Համաձայն աղբյուրի՝ եթե նավթի գներն անկում ապրեն՝ նվազելով մեկ բալերն 80 դոլարից, ապա Ադրբեջանի պետբյուջեում կարձանագրվի ծախսերի նվազում: Դա էլ, իր հերթին, կարող է առաջ բերել սոցիալական կարիքներին բաժին ընկնող ծախսերի անկմանը:
Այդ գործընթացն էլ ունակ է 2015-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում հանկարծակի արթնացնել նոր ժողովրդական հուզումներ, ինչպես դա գրանցվել էր 2012-ի մարտին Ղուբայում և 2013-ի հունվարին լեզգիաբնակ Իսմայիլիի շրջանում: