The Economist. Լեյլա Յունուսը չստացավ Սախարովի մրցանակ, սակայն նա ուշադրության կարիք ունի
The Economist հանրահայտ պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում բանտարկված Լեյլա Յունուսին, ով ներկայացվել էր Եվրոպական խորհրդարանի այս տարվա Սախարովի մրցանակին։ Լեյլա Յունուսը Սախարովի մրցանակի 3 վերջնական հավակնորդներց մեկն էր, որը սակայն տրվեց կոնգոցի գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին։
Հոդվածագիրը նշում է, որ Լեյլա Յունուսը չստացավ Սախարովի անվան մրցանակը, սակայն նա ուշադրության կարիք ունի։
Պարբերականը գրում է, որ Լեյլա Յունուսը Ադրբեջանի քաղաքացիական հասարակության առաջատար ակտիվիստներից է, ով, ի թիվս այլ բաների, արձանագրել է կառավարության կողմից Բաքվի բնակիչների բռնի տարհանումները, որը պետք է նոր ճանապարհ բացեր նավթային ֆինանսավորմամբ անշարժ գույքի զարգացմանը։
«Հուլիսի 30-ից նա բանտում է և դատախազների կողմից մեղադրվում է Հայաստանի համար լրտեսելու մտացածին մեղադրանքով։ Նրա իրական հանցագործությունը, կարծես, նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը զայրացնելն էր»,-գրում է The Economist-ը։
Այս տարվա սկզբին Բրյուսել կատարած այցի ժամանակ նախագահ Ալիևը հայտարարեց, որ իր երկրում չկան քաղաքական բանտարկյալներ։ Սրան ի պատասխան՝ Լեյլա Յունուսն ու երիտասարդ ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը համացանցում հրապարակեցին Ադրբեջանում այդպիսի բանտարկյալների ցուցակը, ընդհանուր առմամբ 109 անուն։ Իրենց գործունեության արդյունքում, ինչպես գրում է պարբերականը, այժմ Յունուսն ու Ջաֆարովը ներառվել են իրենց իսկ կազմած քաղաքական բանտարկյալների ցուցակում։
Այս տարվա գարնանը Լեյլա Յունուսը հանդես եկավ քաղաքացիական դիվանագիտության նախաձեռնությամբ և հրավիրեց ադրբեջանցիներին և հայերին՝ քննարկելու, թե ինչպես կարելի է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց երկրների 25-ամյա սառեցված հակամարտությանը։ Այս նախաձեռնությունն էլ հիմք եղավ կառավարության կողմից նրան պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրելու համար։
Յունուսի դուստր Դինարան, ով քաղաքական ապաստան է ստացել Նիդերլանդներում, ասում է, որ Ադրբեջանի կառավարությունը, օգտվելով Ուկրաինայի և էբոլայի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, որոշեց կտրել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վերջին ձայները։
Նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ուժեղացնում է ընդդիմության և քաղաքացիական հասարկության ճնշումները, շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ և անգամ այժմ նախագահում է այդ կառույցում։
Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովից, որի կողմից տրվում է Սախարովի մրցանակը, պարբերականին ասել են, որ Լեյլա Յունուսը մրցանակ չստացավ, սակայն իրենք պատվիրակություն կուղարկեն Ադրբեջան՝ հանդիպելու Լեյլա Յունուսի հետ և «աջակցելու նրան՝ իր երկրում ժողովրդավարության և ազատության համար նրա պայքարում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան