Նեթանյահու. Իսրայելը Իրանի միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք որևէ համաձայնություն չի ընդունելու
«Իսրայելը Իրանի միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք որևէ համաձայնություն չի ընդունելու»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը, անդրադառնալով Օմանում Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Միջազգային հանրությունը ներկայում ընտրության առջև է կանգնած. Կամ տեղի է տալու Իրանի ցանկություններին, որը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև ողջ աշխարհի համար, կամ էլ հաստատակամ շարունակելու է իր գործողությունները, մինչև Իրանը կզրկվի միջուկային ռումբ ստեղծելու կարողությունից»:
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը, օրերս «Israel Hayom» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, նշել էր, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի հարցում տարաձայնություններ ունեն: Յալոնը պնդել էր, որ բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեն բոլոր հարցերը, այդ թվում՝ հրթիռային համակարգերին ու ցենտրիֆուգներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով իսրայելական «The Times of Israel» կայքին, նշել էր, որ Իսրայելի միջուկային էներգիայի հանձնաժողովի նախկին ղեկավար Ուզի Էլիամի խոսքով՝ Իրանը դեռ 10 տարի ունի, որպեսզի կարողանա ատոմային ռումբ ձեռք բերել, հետևաբար վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները քաղաքական խաղեր են:
Նկատենք, որ դեռ1958թ. Իրանը, անդամակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ստորագրել է Իրան-ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագիրը, որի համաձայն՝ պարբերաբար տեսչական ստուգումներ են իրականացվում Իրանի միջուկային հաստատություններում: 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Բացի այդ, ԻԻՀ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը: