ՀՀ նախագահն առաջարկել է կառավարությանը նորից անդրադառնալ խորհրդարանական չորս ուժերի 12 կետանոց փաստաթղթին
«Ակնհայտ է, որ մենք ուշադրությամբ հետևում ենք ներքաղաքական գործընթացներին, և կրկին անգամ ուշադրությամբ արձանագրում ենք բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել և դրա արդյունքում մեկ լավ բան էլ կատարել»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ և «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին ու ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին ծանոթանալուց հետո պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե՝ «Պարո՛ն նախագահ, Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում Հայաստանում ընթացող ներքին քաղաքական գործընթացների, մասնավորապես ոչ իշխանական եռյակի պահանջների, հանրահավաքների և հայտարարությունների վերաբերյալ»:
«Ընդհանրապես իմ հորդորն է, իմ մոտեցումն է իմ կուսակցական գործընկերներին, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներին, որ այդպիսի առաջարկությունները, քննադատությունները չընդունեն որպես թշնամական մի բան, փշերով չընդունեն այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննության առնեն և զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել: Այս առումով, իհարկե, ամենաշոշափելին այն փաստաթուղթն է, որ խորհրդարանական չորս ուժերը կոչել են 12 կետի փաստաթուղթ և առաջարկել են, որ կառավարությունը կատարի այդ փաստաթղթում նշված կետերը: Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է և բոլորին հայտնի է, որ կառավարությունը նաև մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, և սա է, օրինակ` այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռևս հնարավոր չէ իրականացնել:
Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը: Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին: Մեր նպատակը մեկն է, մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար: Եվ նորից վերադառնամ ու ասեմ, որ և՛ կուսակցության իմ գործընկերների շրջանում, և՛ պետական ապարատում մշտապես այն գիծն եմ տանում, որ անկախ նրանից, թե ինչ ձև է կրում այդ քննադատությունը (մեկ-մեկ որոշ գործիչներ չափն անցնում են, կոռեկտության սահմաններն անցնում են, բայց կարևորն այստեղ դա չպետք է լինի), կարևորը պետք է լինի այն` գտե՞լ ենք մենք արդյոք օգտակար մի բան այդ ասածի մեջ, որ կյանքի կոչելով` կբարելավենք մեր իրավիճակը:
Երկրորդ խնդիրը, իհարկե, սահմանադրական բարեփոխումներն են, իմ մոտեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ` մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետև առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, և կարևորը սա է` որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրությունն է: Հարցի հետ կապված մնացած խնդիրները կամ հարցի շուրջ պտտվող մնացած խնդիրներն էական չեն, և ես կարծում եմ` պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է աշխատել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն իրենց ժամանակին կհնչեն: