ԻԻՀ ԱԳՆ. Իրանը շարունակելու է ուրանի հարստացման աշխատանքները
«Իրանը շարունակելու է ուրանի հարստացման աշխատանքները»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանը միանշանակ շարունակելու է ուրանի հարստացման աշխատանքները, սակայն հարցը նրանում է, թե որքան կլինի դրա քանակը. Հարստացված ուրանի քանակը կապված է գիտության ոլորտում առկա պահանջարկի հետ»:
Հավելենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի՝ օրերս հրապարակած զեկույցում նշվում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանը ավելացրել է 5 տոկոս հարստացված ուրանի պաշարները՝ հասցնելով 8 տոննայի: Զեկույցի մեկ այլ բաժնում էլ նշվում է, որ Իրանը 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները վերածել է օքսիդի:
Նշենք, որ օրերս Օմանի մայրաքաղաք Մասկատում Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում: Նախատեսվում է, որ այսօր տեղի կունենա Զարիֆ-Էշթոն հանդիպումը, որից հետո կողմերը կհրապարակեն Օմանում կայացած հանդիպման արդյունքները:
Նկատենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: Այդ ընթացքում կողմերի միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, սակայն, այդպես էական հարցերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ: Օմանում անցկացվող բանակցությունների արդյունքները կարող են վճռորոշ դեր ունենալ վերջնական համաձայնության կայացման գործում: