Արցախի պաշտպանության նախարար. Մենք պարտադրված ենք դիմել հատուկ գործողությունների
«Մենք պարտադրված ենք դիմել հատուկ գործողությունների, քանի որ բոլոր միջոցառումներն արդյունք չեն տվել»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած տեսանյութից:
Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Մ. Հակոբյանը նախ հիշեցրել է, որ հակառակորդի կողմից ուղղաթիռը խփվել էր նոյեմբերի 12-ին, նշել, որ դրանից հետո դիմել էին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, որ թույլատրեն մոտենալ կործանված ուղղաթիռի վայրը՝ զննելու և օդաչուների ճակատագիրը պարզելու համար:
«Ադրբեջանն այդ բոլոր կազմակերպությունների մերժել է, թույլ չի տվել այդտեղ իրականացնել դիտարկումները, անընդհատ այդ հատվածը պահել է կրակի տակ: Ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել: Մենք պարտադրված ենք եղել դիմել հատուկ գործողության և պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները դա իրականացրել են»,- ասել է Արցախի պաշտպանության նախարարը: