Մովսես Հակոբյան. Ադրբեջանը չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը
«Այս պահին ընթանում է ծառայողական քննություն, որի արդյունքով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Ծառայողական քննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,-այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հուղարկավորության արարողությունից հետո ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու էր ուղղաթիռը շփման գծին այդքան մոտ թռիչք կատարում:
Նա նշեց, որ Ադրբեջանը իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը:
«Արցախում միշտ էլ իրականացվել են թռիքներ և թռիչքները շարունակվելու են: Բոլոր միջադեպերը ազդում են բանակի վրա, սակայն դա չի նշանակում, որ բանակը հոգեբանորեն անկում է ապրելու»,-նշեց Մ.Հակոբյանը:
Նրա խոսքով, բանակը ստեղծված է պատերազմելու համար և ուղղաթիռի հետ կապված միջադեպը պատերազմի մի դրվագն է:
«Բանակը միշտ էլ բերված է այնպիսի պատրաստվածության, որ ցանկացած պահի պատրաստ է համարժեք պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին»,-ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատարը:
Մ.Հակոբյանը նշեց, որ չի կարող գնահատական տալ միջազգային կազմակերպությունների գործողություններին՝ ուղղաթիռի խոցման հետ կապված, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում:
Նախորդիվ`
Սեյրան Օհանյան. Հակառակորդը, թիկունքից հարվածելով հայկական բանակին, միշտ դիմահար ուժեղ հարված է ստանալու
«Եռաբլուր»-ում զինվորական արարողակարգով հուղարկավորում են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին (լուսանկարներ, տեսանյութ)