Ադրբեջանում արմատականներին ֆինանսավորող «Ջիհադի հիմնադրամ» է գործում. ադրբեջանական մամուլ
Վերջին օրերին ադրբեջանական ու միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում Ադրբեջանի ներսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին: Ադրբեջանական Publika.az կայքն էլ իր հերթին հայտնում է, որ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում իսլամի արմատական թևի` խարիջի ներկայացուցիչներն ԻՊ-ին օգնելու նպատակով «Ջիհադի հիմնադրամ» են ստեղծել, որին ամեն ամիս գումար են փոխանցում:
Ինչպես տեղեկացնում է կայքը, Բաքվի ոոստիկանությունը հետևում է մի քանի մեծ օբյեկտների, որոնք կասկածվում են ԻՊ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում:
Կայքն իր աղբյուրներից ստացած այս տեղեկատվության իսկությունն ամրապնդում է նաև նրանով, թե Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական հանձնաժողովի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն ավելի վաղ հայտարարել էր, որ «եթե հայտնաբերեն ադրբեջանցի երիտասարդներին Սիրիա մեկնելու և ԻՊ-ին կամ տարբեր ահաբեկչական կառույցներին միանալու համար հավաքվող ֆինանսական աղբյուրներ, անմիջապես կչեզոքացնեն»: Publika.az-ը հավաստիացնում է, որ Գուրբանլըն նման բան չէր ասի, եթե տեղյակ չլիներ արդեն գոյություն ունեցող ֆինանսական աղբյուրներից:
Կայքը հիշեցնում է, որ Գուրբանլըի խոսքերով` ինքը եղել է նման օբյեկտներում, և իրենք տեղեկություններ ունեն` արմատականներն իրենց միջոցներով կենտրոններ են ստեղծում ու նոր անդամներ ներգրավում:
Արմատական խավարիջիների կողմից գումարներ հավաքագրվելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև կրոնաբան, փորձագետ Այդըն Ալիզադեն: Նա նշել է, որ արմատականների հավաքված ընդհանուր տարեկան գումարը կազմում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: Նրա խոսքերով` դա հավաքագրվում է և´ արտասահմանից արվող փոխանցումների ու բիզնես կառույցների նվիրատվությունների, և´ արմատական խմբավորումների անդամների միջոցների հաշվին:
Publika.az-ը նաև հիշեցնում է, որ այդ 5 մլն դոլարի մասին նշել էր այդ թվում ուկրաինական Umma.us կայքը` մեջբերելով նույն Գուրբանլըի խոսքերն այն մասին, թե արմատական խմբավորումները նյութական միջոցներ են ստանում հիմնականում մեծ առևտրային կենտրոններից, սուպերմարկետներից ու այլ օբյեկտներից:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանում հրդեհել են Բաքվի ավաններից մեկի մզկիթը` սալաֆիականների հավաքատեղին
Սումգայիթում ոստիկանությունն առանց բացատրության տանջանքների է ենթարկել հավատացյալների
Ադրբեջանը կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է. «Կրոնական ազատություն 2014»
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտի ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն