«Նախաձեռնությունը կրելու է մեկ քայլանոց պարտության բնույթ». ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի նախաձեռնությանը
ԲՀԿ խմբակցությունն այսօր, ԱԺ հերթական քառօրյային նախորդող խմբակցության նիստում քննարկել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որտեղ համառոտ ներկայացնել է կուսակցության հիմնական մոտեցումները:
1. Նախաձեռնության մեջ մենք տեսնում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների և մարտահրավերի վերաբերյալ պատգամավորի մտահոգությունները:
2. Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական և անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները: Նշեմ, որ համաժողովրդական շարժման դռները բաց են ցանկացած գործչի և ցանկացած մտահոգ քաղաքացու համար:
3. Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես ճշգրիտ քայլերի և սթափ հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը:
4. Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում:
5. ԲՀԿ-ն վերահաստատում է, որ իր առաջիկա գործունեությունը միտված է լինելու հասարակությունը մոբիլիզացնելուն, լայն բազմակուսակցական քաղաքական ճակատ ձևավորելուն, ժողովրդին համախմբելուն և նոր որակի իշխանություն ձևավորելուն: Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի լուծել երկրի և ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Այս խնդիրների լուծման ճանապարհին ԲՀԿ-ի համար ընդունելի են սահմանադրական պայքարի բոլոր միջոցները. այդ թվում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, ստորագրահավաքներ, հրաժարականներ, պաշտոնանկություններ և այլն:
Նախորդող հրապարակումներ՝
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովում
Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին
Ճիշտ չէ, որ «լակմուսային թուղթ» արտահայտությամբ ընդդիմադիրը ընդդիմադիրի հետ խոսի. Ա. Մարտիորսյան
Ենթադրելի է, որ հրաժարական պահանջող ուժերը պետք է միանան այս նախաձեռնությանը. Է.Մարուքյան
Բոլորի համար սա շատ լավ քննության պահ է. Զ. Փոստանջյան