Խոսրով Հարությունյան.«Հայաստանը չի կարող դառնալ այն պետությունը, որն իր վարքով կարող է նպաստել ՌԴ-ի կազմաքանդմանը»
«Ներկայումս աշխարհը գտնվում է նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների ձևավորման շատ բարդ փուլում: Այսօր ընթանում է աշխարհաքաղաքական ազդեցությունների նոր աշխարհագրության ձևավորման գործընթաց, որն ընգրկել է նաև մեր տարածաշրջանը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ նոր աշխարհաքաղաքական զարգացումները ուղղված են մեկ միավորման դեմ և դրանք ունեն հստակ հակառուսական ուղղվածություն:
«Խոսքը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության մասին է, անվտանգությունը խաթարելու մասին: Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը և լինելով շատ բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, կանգնած է լուրջ ընտրության առջև»,-նշեց Խ.Հարությունյանը:
Նրա խոսքով, Հայաստանը կանգնած է ընտրության առջև՝ ինչ մեգատնտեսություն, մեգատնտեսական միավորում ընտրել:
«Հայաստանը չի կարող դառնալ այն պետությունը, որը իր վարքով կամ մոտեցումով կարող է նպաստել Ռուսաստանի կազմաքանդմանը»,-նշեց Խ.Հարությունյանը:
Խ.Հարությունյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական ընտրության հիմքում ընկած է իր անվտանգությունը երկարաժամկետ ապագայում ապահովելու մեծագույն պատասխանատվությունը՝ ուրիշ հարց գոյություն չունի:
«Այո, Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական պրոյեկտ է, բայց որ տնտեսական պրոյեկտը կարող է առանց անվտանգության երկար գոյատևել»,-նշեց Խ.Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանի 10 միլիարդանոց շուկան հետաքրքություն չի ներկայացնում ԵՏՄ-ի համար:
«Հայաստանը իր մասնակցությամբ ապահովում է մեկ խնդիր՝ ԵՏՄ-ի հարավային ուղղությամբ անվտանգության երաշխավորումը»,-նշեց Խ.Հարությունյանը:
Նրա խոսքով, Հայաստանը ռեալ հնարավորություններ է ստանում անդամակցելով ԵՏՄ-ին` օգտվել 170 միլիոնանոց սպառման շուկայից:
«Ինչքանով մենք կկարողանանք օգտվել ԵՏՄ-ի հնարավորություններից, դա արդեն մեր խնդիրն է»,-հավելեց Խ.Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները