Միջազգային կազմակերպություններն ու մամուլը` ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին
«Այդ քայլն Ադրբեջանում ազատ ԶԼՄ-ները լռեցնելու հերթական նախանշանն է: Խադիջա Իսմայիլովան երկրում մնացած վերջին ազատ ձայնն էր»,- հայտարարել է Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Ջոն Դալխիզեն: Նրա հայտարարությունը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Դալխիզեն նշում է, որ Իսմայիլովայի ձերբակալության հրամանը նրա ձայնը լռեցնելու բազմաթիվ փորձերից ընդամենը մեկն էր` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնությունը, որոնք պարզապես իրենց աշխատանքն են կատարում:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն էլ իր հերթին նշում է, որ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը ջախջախիչ հարված է Ադրբեջանի քննադատող ձայներին:
Հարավային Կովկասում Human Rights Watch-ի համակարգող Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի համար «անհարմար խոսափող» էր, և նրա ձերբակալությունն ամբողջությամբ դասվում է կառավարության՝ այլախոհ ձայները լռեցնելու փորձերին: Նա կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը անհապաղ ազատել լրագրողին:
«Ադրբեջանի միջազգային գործընկերներն արդեն մի քանի ամիս շարունակ իրենց մտահոգությունն են հայտնում երկրում բռնությունների հետ կապված, իսկ ահա Իսմայիլովայի ձերբակալությունը վերջին կաթիլն էր: Միջազգային գործընկերները պետք է Ադրբեջանին հստակ բացատրեն, որ նախկին համագործակցությունն այլևս չի լինելու, քանի դեռ իշխանություններին քննադատողները ճաղերի հետևում են»,-ընդգծել է Գոգիան:
Freedom House միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը ևս իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի կառավարության աչքի փուշն էր երկրում իշխող կաշառակերության վերաբերյալ իր հետազոտությունների պատճառով:
«Ակնհայտ է, որ նրա ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում»,- նշել է «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Committee to Protect Journalists, CPJ) իր կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Լրագրողի ձերբակալությունն ընդգծում է արմատավորված ավտորիտար բնազդն Իլհամ Ալիևի կառավարությունում»,- նշված է Index on Censorship միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Broadcasting Board of Governors միջազգային գործակալությունը նույնպես իր վրդովմունքն է հայտնել Իսմայիլովայի ձերբակալության հետ կապված՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին անհապաղ ազատել նրան: Հայտարարությունը հրապարակված է գործակալության պաշտոնական կայքում:
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի կենտրոնն» (OCCRP) իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը հետապնդում է լրագրողին ադրբեջանցիների համար արդիական թեմաները լուսաբանելու պատճառով:
Նմանօրինակ հայտարարություններ ու կոչեր են հրապարակել նաև Civil Rights Defenders միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և Կանանց միջազգային մեդիա հիմնադրամը (IWMF):
«Իսմայիլովայի հետ կապված ներկայիս իրավիճակն Ադրբեջանի երկերեսանի քաղաքականության կատարյալ դրսևորումն է ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում»,- նշված է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին Foreign Policy ամսագրի նյութում:
Նյութում ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մի կողմից հովանավորում է արևմտյան լոբբիստներին և վերլուծական կենտրոններին՝ վստահեցնելով ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներին, թե իբր Ադրբեջանը վստահելի և ժողովրդավարական գործընկեր է, իսկ մյուս կողմից` երկրի ներսում, ընդհակառակը, իր գործողություններով բացարձակապես այլ պատկեր է ցույց տալիս:
«Վերջին տարիներին Բաքվի վարչակարգը մտադրված ոչնչացրել է այնպիսի անկախ ինստիտուտներ, ինչպիսիք են մամուլը, քաղաքական կուսակցությունները, իսկ վերջերս՝ հասարակական կազմակերպությունները. և այս ամենն իրագործվել է արևմտյան ազդեցությունից պաշտպանվելու պատրվակով»,- գրում է Foreign Policy-ին «հեգնանք» համարելով այդ քայլը, քանի որ այս միջադեպերը ծավալվում են այն երկրում, որտեղ ժամանակին հպարտանում էին իրենց՝ աշխարհում առաջին աշխարհիկ մուսուլմանները լինելով:
Ամերիկյան USA Today հրատարակությունը նույնպես անդրադարձել է Լրագրողի ձերբակալությանը: Նյութում ներկայացվում են Իսմայիլովայի ձերբակալության հետ կապված միջազգային կազմակերպությունների և ազդեցիկ մարդկանց քննադատական հայտարարություններն Ադրբեջանի կառավարության հասցեին:
«Ազատություն ռադիոկայանը», որի հետ համագործակցում էր նաև Խադիջա Իսմայիլովան, ևս տվյալ թեմայով պատրաստել է մի շարք նութեր ՝ ներկայացնելով լրագրողի ձերբակալության հետ կապված միջազգային հանրության արձագանքը, ինչպես նաև հրապարակել է նրա ձերբակալության պահի տեսագրությունը:
Նմանատիպեր նյութեր հրապարակված են նաև Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայի (Canadian Broadcasting Corporatio) և հնդկական New Delhi Television Limited կոմերցիոն հեռուստաընկերության առցանց ծառայության կայքերում:
Նշենք, որ ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային ձերբակալել են դեկտեմբերի 5-ին հարցաքննությունից հետո: Սաբայիլի շրջանի դատարանը որպես նրա նկատմամբ խափանման միջոց սահմանել է երկու ամիս ժամկետով նախնական կալանք: Լրագրողը մեղադրվում է ինքնասպանության դրդելու հոդվածով: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա Իսմայիլովային սպասվում է 3-7 տարի ազատազրկում:
Խադիջա Իսմայիլովան բազմիցս եղել է Ադրբեջանի կառավարության թիրախն իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ մերկացրել է Ադրբեջանի իշխանության բարձր օղակներում կաշառակերության մեծ չափերն ապացուցող փաստեր: Վերջին շրջանում նա թոք-շոու էր վարում «Ազատություն ռադիոկայանում»:
Նախորդող`
Արևմուտքը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության համար
ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Իսմայիլովայի ձերբակալմամբ
ԵԱՀԿ-ն դատապարտեց Ադրբեջանին․ Իսմայլովայի ձերբակալությունը կազմակերպված ահաբեկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան