ՌԴ և Հարավային Օսիայի միջև նոր համաձայնագիրը պատրաստ կլինի մինչև հունվարի վերջ
Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի միջև «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» նոր համաձայնագիրը պատրաստ կլինի մինչ 2015 թ-ի հունվարի վերջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ով այցով գտնվում է Հարավային Օսիայում: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
«Այժմ աշխատում ենք նոր համաձայնագրի շուրջ, որի նպատակը երկու պետությունների միջև ինտեգրացիայի ընդլայնումն է անվտանգության, բարեկեցության բարձրացման, բնակչության սոցիալական ապահովվածության ոլորտում: Մինչ հունվարի վերջ փաստաթուղթը, կարծում եմ, պատրաստ կլինի»,-ասել է Սուրկովը Հարավային Օսիայի կառավարության անդամների հետ կայացած նիստի ժամանակ:
ՌԴ նախագահի օգնականն հավելել է, թե նոր համաձայնագրի ստորագրումը երկու պետություններին դուրս կբերի նոր որակի խնդիրների լուծման առջև, ինչը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում: Սուրկովն հավելել է, թե Ռուսաստանը պատրաստ է ստանձնել դրանից բխող նյութական ծախսերի բեռը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիր էր ստորագրել Աբխազիայի հետ, որով փաստացի երկու պետությունների միջև սահմանվում էր միասնական պաշտպանական տարածք և ընդհանուր հրամանատարությամբ բանակ: Համաձայնագրի ստորագրումը դատապարտվել էր Վրաստանի կողմից, գնահատվելով որպես ռուս-վրացական հաշտեցման գործընթացը խաթարելու քայլ: