Դեմոյանը դուրս է եկել ԳԱԱ կազմից այնտեղ տիրող «տգիտության և խուլիգանության» պատճառով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի հայաստանյան շնորհանդեսը:
«Սա իմ տասնհինգամյա աշխատանքի ամփոփումն է, որը սկսել եմ 1998-1999 թվականներից՝ ասպիրանտական տարիներին դեռ»,- հայտարարեց Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքերով գիրքը գրվել է ռուսերեն, որպեսզի ավելի լայն զանգվածների հասանելի լինի: 2015 թվականին, ըստ Դեմոյանի, լույս կտեսնի նաև գրքի անգլերեն տարբերակը, իսկ հետագայում նախատեսվում է գիրքը թարգմանել ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով:
«Այս թեման խիստ արդիական է , և անհրաժեշտություն կա այն օտար լսարանին ներկայացնելու»,- նշեց Դեմոյանը:
Գիրքը հայտնվել է նաև մոսկովյան գրախանութներում: Հեղինակն աշխատությունում օգտագործել է չեզոք սկզբնաղբյուրներ՝ ցույց տալով, որ Թուրքիան իր ոչ կոնստրուկտիվ մոտեցմամբ, էլ ավելի է թեժացրել ղարաբաղյան հակամարտությունը:
Անդրադառնալով իր դոկտորական աշխատությանը, որն էլ հանդիսանում է վերը նշված գիրքը, Դեմոյանը նշեց, որ կան մարդիկ, պաշտոնյաներ, որոնք ամեն կերպ փորձում են խոչնդոտել իր գործունեությունը:
Մասնավորապես, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն անդրադարձավ 2012 թվականին իր ատենախոսության շուրջ բարձրացված աղմուկին: Դեմոյանը նշեց, որ ինքը գիտի՝ ով էր կանգնած այդ ամենի հետևում: Լրագրողների հարցին, թե ով էր այդ մարդը, Դեմոյանն ասաց. «Աշոտ Մելքոնյանը…ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը…իմ կոլեգան…»:
Ըստ Դեմոյանի՝ վերջինս ամեն կերպ փորձել է տապալել իր ատենախոսության պաշտպանությունը, և Դեմոյանի խոսքերով, դա «լկտի քայլ» է: Դեմոյանը նշեց, որ ինքը դուրս է եկել ԳԱԱ կազմից, քանի որ չի կարող հանդուրժել այնտեղ տիրող «տգիտությունը և խուլիգանությունը»:
Դեմոյանը պատմեց նաև, որ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Մելքոնյանն ասել է, թե իրեն պարզապես դուր չի եկել Դեմոյանի ատենախոսությունը: Մինչդեռ, Դեմոյանի խոսքերով, գիտական աշխարհում լուրջ գիտնականի կողմից նման արտահայտությունը համարվում է անլրջություն և անպատժելիություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները