Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։
Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։
Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։
Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: