«Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան
«Այս պայմանագրերի հարցում կան տարամեկնաբանություններ»,-ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված իրավական գործընթացների հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որն ինքը դեռևս պայմանագրերի տարամեկնաբանման խնդրի չի հանդիպել:
«Մի բան պարզ է, որ Պերմյակովը դասալիք է: Գոնե որոշ պատասխանատու բարձրաստիճան սպաներ պետք է հեռացվեին համակարգից»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին, թե արդյոք ՀՀ իրավազորության տակ չէ հանցագործությունը, գլխավոր դատախազը հայտարարեց, որ ըստ հայ-ռուսական համաձայնագրի զինվորական հանցագործությունը ՌԴ իրավազորության տակ է գտնվում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նկատեց, որ անհրաժեշտ էր մի քանի հանձնաժողովների հրավիրել այս լսումներին: Եսայանը հետաքրքրվեց՝ արդյոք կա այլ երկրների մասնագետների աջակցության կարիքը հայ և ռուս իրավապահներին գործի քննության հարցում:
«Դրա կարիքը և հնարավորությունը չկա»,- պատասխանեց Կոստանյանը:
Գլխավոր դատախազի կարծիքով՝ հայ և ռուս իրավապահները համատեղ կարողանում են պատշաճ վարել գործի ընթացքը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հանցագործը մենակ է գործել, թե ոչ, Կոստանյանն ասաց. «Դա պարզ կլինի գործի քննության ավարտից հետո»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցրեց. «Դուք համաձա՞յն եք, որ գործի զինվորական մասով վարույթը հանձնվի ՌԴ իրավազորությանը, սպանության գործի վարույթը՝ ՀՀ իրավազորությանը»:
Կոստանյանը նշեց. «Չենք կարող այդ անձին երկու մասի բաժանել»:
Ըստ նրա՝ պայմանագրի համաձայն նախատեսված է, որ կողմերը նման դեպքերում միասին պայմանավորվեն վարույթի շուրջ:
«Ներողություն եմ խնդրում, որ բոլոր հարցերին չեմ պատասխանել, որովհետև գոյություն ունի նախաքննության գաղտնիություն»,- եզրափակեց իր խոսքը գլխավոր դատախազը:
Նա պատրաստակամություն հայտնեց իր իրավասության ենթակա անպատասխան մնացած հարցերի շուրջ քննարկում իրականացնել: Կոստանյանը կոչ արեց նման հարցերի շուրջ զուսպ լինել, և առաջարկեց պատգամավորներին կազմակերպել քննարկումներ, երբ նրանք կցանկանան:
Նախորդող հրապարակումներ`
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան