Ամալ Քլունիի ներկայությունը «Փերինչեքի գործին» միջազգային լայն հնչեղություն է ստացել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն պալատում Հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի դատական լսմանը Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող հայտնի փաստաբաններ Ամալ Քլունիի և Ջեոֆրի Ռոբերթսոնի մասնակցությունը մեծ հնչեղություն է ստացել համաշխարհային մամուլում:
Բրիտանական The Telegraph պարբերականը ծավալուն հրապարակմամբ անդրադարձ է կատարել դատական գործին: Պարբերականը մեջբերել է Ամալ Քլունիի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը չի ցանկանում սահմանափակել խոսքի ազատությունը կամ պատմական բանավեճը»:
Պարբերականի փոխանցմամբ` դատարանում Քլունին հիշեցրել է ներկաներին, որ բոլորն էլ տեղյակ են, թե որքան խայտառակ է Թուրքիայի պատմությունը խոսքի ազատության ապահովման հարցում և որ միայն այդ հարցով ՄԻԵԴ-ը ընդդեմ թուրքական կառավարության շուրջ 224 առանձին գործ է քննել:
Անդրադառնալով Հայաստանի շահերը ներկայացնող երկրորդ փաստաբան Ջեոֆրի Ռոբերթսոնի ելույթին` պարբերականը գրում է, որ վերջինս դատարանին փաստարկներ է ներկայացրել այն մասին, որ Փերինչեքը կանխամտածված ժխտողական գործունեություն է ծավալել, որը դուրս է եկել նաև Շվեյցարիայի սահմաններից: Ըստ Ռոբերթսոնի` Փերինչեքը «անուղղելի ժխտողական է և հանցագործ»:
«Independent»-ը և «Chicago Tribune»-ը մեջբերել են Ամալ Քլունիի դիտարկումն այն մասին, որ 2013 թվականին ՄԻԵԴ-ի Ստորին պալատը Փերինչեքի հայցը բավարարելով մեծագույն սխալ է թույլ տվել, որն էլ «կասկածի տակ է դրել մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության իրողությունը:
Ֆրանսիական «France 24»-ը իր անդրադարձերում շեշտում է, որ Քլունին Թուրքիային մեղադրել է Փերինչեքի գործում խոսքի ազատության հարցում կեղծավորություն անելու մեջ:
Դատական գործին Քլունիի ներգրավածությանը անդրադարձել է նաև Time պարբերականը` այն բնորոշելով, որպես հայտնի փաստաբանի 2015 թվականի առաջին «խոշորագույն դատական գործ»:
Հատկանշական է, որ բացի հասարակական-քաղաքական բովանդակությամբ առաջատար պարբերականներից, դատավարությանն են անդրադարձել նաև բազում այլ հայտնի և ոչ այնքան քաղաքական բովանդակությամբ ամսագրեր, ինչպիսիք են օրինակ հեղինակավոր «Harper's Bazzar», «Huffington Post» , «BuzzFeed» , «Cosmopolitan» , «People» , «Elle» -ն:
Հետևելով դատական գործի միջազգային մամուլի մեկնաբանություններին` կարելի է նկատել, որ գրեթե բոլոր անդրադարձերում պարբերականները շեշտադրել են , որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային սպանությունները և տեղահանությունները շատ պատմաբանների և պետությունների կողմից ընդունվում են որպես Ցեղասպանություն: Միաժամանակ պարբերականները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում հանդես է գալիս բացարձակ ժխտողական քաղաքականությամբ:
«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին միջազգային մամուլի կողմից լայնամասշտաբ անդրադարձը առնվազն վկայում է այն մասին, որ միջազգային հանրության հնարավորինս լայն շրջանակ այս օրերին կարողացել է Հայոց ցեղասպանության` որպես պատմական անհերքելի իրողության, մասին փաստարկված և ծանրակշիռ տեղեկատվություն ստանալ: