Սերժ Սարգսյանն Էրդողանի քայլը որակել է ցինիկ և անհեռատես
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ ապրիլի 24-ին իրեն Թուրքիա հրավիրելու քայլը որակել է անհեռատես և ցինիկ քայլ: Նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդներին Հայաստան հրավիրելու փաստին:
«Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ: Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ»,- հայտնել է ՀՀ նախագահը:
«Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն»,- ընդգծել է նախագահը՝ նկատի ունենալով Թուրքիայի նախագահից ստացած հրավերը:
Իր խոսքում նախագահը պարզաբանել է այդ հրավերին անմիջապես և հրապարակավ պատասխանելու իր որոշումը. «Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը: Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան