Այլևս՝ երբեք: Հիշողությունը՝ ցեղասպանությունները կանխելու ուղի
70 տարի առաջ՝ 1945 թվականի հունվարի 27-ին, Խորհրդային Կարմիր բանակի մարտիկներն ազատեցին լեհական Օսվենցիմ բնակավայրի մոտակայքում գտնվող նացիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարում կենդանի մնացած սակավաթիվ բանտարկյալներին:
«Աուշվիցը» Երրորդ ռեյխի ամենախոշոր և ամենաերկար գործած համակենտրոնացման ճամբարն էր ու նաև՝ մահվան ճամբարը: Այստեղ նացիստական կառավարման տարիներին, տարբեր հաշվարկներով, սպանվել է մինչև 1.6 միլիոն մարդ, որոնցից 1.1 միլիոնը՝ հրեաներ են: Սա է պատճառը, որ «Աուշվիցը» դարձել է Հոլոքոստի՝ Ողջակիզման գլխավոր խորհրդանիշը, իսկ մահվան ճամբարի ազատագրման օրը՝ հունվարի 27-ը, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձևով սահմանվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:
Թեև Հայաստանը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռազմական գործողությունների թատերաբեմ չի դարձել, և մեր երկրում չկա հրեական հոծ համայնք, այնուամենայնիվ, ինչպես Հայաստանի նախագահն է նշել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում՝ «Հայ ժողովուրդն առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին»:
Նման պնդման պատճառները մի քանիսն են: Նախ՝ Նացիստական Գերմանիայի օկուպացրած տարածքներում (Ավստրիա, Մերձբալթիկա, Բենիլյուքսի երկրներ, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան և այլն) հարյուր հազարավոր հայեր են ապրել, որոնց մեծ մասն, ընդամենը 30 տարի առաջ հրաշքով փրկված լինելով Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից, փայլուն հասկանում էին՝ ինչ է իրականացվում հրեա ժողովրդի հանդեպ օկուպացված տարածքներում:
Բացի այդ, կես միլիոնից ավելի հայորդիներ Հիտլերյան Գերմանիայի դեմ մարտնչել են ինչպես Խորհրդային Կարմիր բանակի, այնպես էլ դաշնակիցների բանակների ու բոլոր երկրներում ծավալված ազատագրական-պարտիզանական շարժումների կազմում, և նրանցից շատերը մասնակցել են ինչպես Օսվենցիմի, այնպես էլ մյուս համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը, որոնց թիվն անցնում էր վեց տասնյակը:
Բնականաբար, հայերից շատերը ականատեսն են եղել նացիստական Գերմանիայի կազմակերպած և իրականացրած Ողջակիզմանը, իրենց ժառանգներին ու ողջ մարդկությանն են փոխանցել այդ զարհուրելի իրականության առանձին մանրամասներ: Իսկ շատ-շատերը, քաղաքացիական խիզախություն դրսևորելով և վտանգելով սեփական անվտանգությունը, հազարավոր հրեաների փրկել են նացիստական մարդասպան մեքենայի ճիրաններից:
Նման հայորդիները քիչ չեն, և նրանց մասին հրեա ժողովուրդը ոչ միայն գիտի, այլև նրանց նկատմամբ իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել:
1951 թվականին Իսրայելում ընդունված «Աղետի հիշատակի մասին» օրենքով հիմնվում է «Աշխարհի արդարակյացներ» կոչումը, որը շնորհվում է ոչ հրեական ծագմամբ այն անձանց, ովքեր Հոլոքոստի ժամանակ սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հրեաների են փրկել: Կոչումը կրողներին երբեմն անվանում են նաև «ժողովուրդների առաքյալներ»:
Ինչպես նշված է Հոլոքոստի թանգարանի՝ «Յադ վա-Շեմի» պաշտոնական կայքում, այս պահի դրությամբ «Աշխարհի արդարակյացներ» կոչումը շնորհվել է 25271 հոգու: Նրանց մեծ մասը Լեհաստանի (6454 անձ), Նիդերլանդերի (5351), Ֆրանսիայի (3760), Ուկրաինայի (2472), Բելգիայի (1665) քաղաքացիներ են: Այսպիսի պատկերը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված երկրները գտնվել են նացիստական Գերմանիայի օկուպացիայի ներքո և հենց այս երկրների տարածքում են կազմակերպվել Երրորդ Ռեյխի նախաձեռնած ցեղասպան գործողությունները: Բնականաբար, հրեաներին փրկած անձանց թիվը քիչ չի եղել նաև նացիստական Գերմանիայի օկուպացրած և դաշնակից մյուս երկրներում:
Իսկ ահա այն երկրները, որոնք անմիջապես չեն գտնվել գերմանական օկուպացիայի ներքո, բավականին համեստ մասնակցություն են ունեցել հրեա ժողովրդին փրկելու գործում: Պետք է փաստել, որ այս առումով հայ ժողովուրդն առանձնանում է. «Յադ վա-Շեմի» տվյալներով՝ Հայաստանի ներկայացուցիչներին «ժողովուրդների առաքյալ» կոչում շնորհվել է 24 անգամ: Եվ սա այն դեպքում, որ Հայաստանը բավականին հեռու էր այն տարածքներից, որտեղ ծավալվում էր մարդկության պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկը՝ Հոլոքոստը: Պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը, կարելի է ընդամենը նշել, որ Շվեցարիայում, որը պատերազմի տարիներին, լինելով չեզոք երկիր, հյուրընկալում ու ապաստանում էր տասնյակ հազարավոր հրեաների, այդ կոչմանն արժանացել է 45 հոգի: Եվրոպական մյուս երկրները, որոնք գերմանական օկուպացիայի չեն ենթարկվել և չեն եղել հիտլերյան Գերմանիայի դաշնակիցը, ավելի համեստ ցուցանիշներ ունեն. Մեծ Բրիտանիայում կոչում կրողների թիվը 21-ն է, Շվեդիայում՝ 10-ը, իսկ Իռլանդիայում՝ 1-ը:
Համեմատության համար նշենք, որ այս կոչմանը Վրաստանից արժանացել է ընդամենը 1 հոգի, իսկ հետխորհրդային չօկուպացված մյուս երկրներում՝ Ադրբեջանում և միջինասիական հանրապետություններում՝ ոչ ոք:
Սա պատահական չէ: Հայերը Հոլոքոստի տարիներին չէին կարող անհաղորդ մնալ հրեա ժողովրդի ողբերգությանը՝ հիշողության մեջ ունենալով իրենց իսկ տանջանքներն Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության տարիներին հայությանը հրեա ժողովրդի ներկայացուցիչների պարզած օգնության բազմաթիվ ձեռքերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչպես նաև Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարելիցը` Panorama.am-ը կներկայացնի շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կողքին կանգնած հրեաների և Հոլոքոստի տարիներին հայ նվիրյալների գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում հրեական համայնքի և Իսրայելում հայկական համայնքի առօրյային:
Արմեն Մինասյան, քաղաքագետ
(Լուսանկարում` Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Երևանում)