Նախախորհրդարանի անդամ. Մենք հորդորում ենք ատելություն չսերմանել հայաստանցիների ու արցախցիների միջև
Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ:
«Մենք մեկնել էինք Արցախ մեր կանանց ու երեխաների հետ: Մոտ 40 ավտոմեքենա էր: Երթին մասնակցում էր 120 մարդ: Ընթացքում մենք լուրեր ստացանք, որ փորձում են ծպտյալ, քաղաքացիական հագուստով ոստիկանների ու որոշ խաժամուժի մեր դեմ հանել և խափանել մեր երթը դեպի Արցախ»,-ասաց Վ. Ավետիսյանը, ում դեմքին դեռ մնացել էին կապտուկներ
Նրա խոսքով ճանապարհին արդեն լուր են ստացել, թե ծեծի են ենթարկվել իրենց դիմավորելու ենթարկված անձինք, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց:
««Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի ցուցանակի մոտ մեզ դիմավորեց ոստիկանական հատուկ ջոկատայինների պատնեշը: Հատուկ մշակված օպերացիա էր»,-ասաց բանախոսն ու ավելացրեց, որ միջադեպի վերաբերյալ իր տարբերակներն ունի՝
պլան Ա. Սադրել բախում, որպեսզի կարողանային իրենց գործողություններին ազատություն տալ, ծեծ ու ջարդի ենթարկել մասնակիցներին, փշրել մեքենաները, պլան Բ. Նույնը անել առանց պատճառի:
Վ. Ավետիսյանն ասաց, որ տեղի ունեցածի հետևանքով տուժել են նաև երեխաներ, կրակում էին մեծամասամբ օդ, մի քանի անգամ գետին, և դա պատմել են նաև երեխաները, թե ինչպես հետհարվածով գնդակներն այս ու այն կողմ են թռչում: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե իրենք սխալ տեսանյութեր են հրապարակում, ապա Ավետիսյանը հորդորում է հրապարակել իրենց ձեռքի տակ եղած տեսանյութերը՝ առանց մոնտաժելու:
«Մենք հորդորում ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ մի ժողովրդի երկու հատվածների միջև ատելություն սերմանելուց, սեպ խրելուց: Մեր դեմ դուրս են եկել ռեժիմին ծառայող մի քանի բաշիբոզուկներ, պետք չէ այդ ամենը տրանսֆորմացնել արցախցիների վրա, նրանք մեզ սպասում էին»,-ասաց Ավետիսյանը` ավելացնելով, որ իրենց նախատեսած իրազեկումն այսօր ընթանում է ավելի լայն թափով:
Նա փոխանցեց, որ Սեֆիլյանը հայտարարել է, թե հիմա հաստատակամ է պայքարը շարունակել, սիրով է լցված արցախահայության, ու նույնսիկ այն մարդկանց նկատմամբ, ովքեր իր վրա ձեռք են բարձրացրել:
Ասուլիսի մյուս բանախոս «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանն էլ հայտարարեց, որ ԼՂՀ ԱԺ կողմից պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալով, իսկ այսօր այն վերադարձնում է:
«Ինձ այն պետք չէ»,-ասաց Մուրադյանը, ավելացնելով, որ տեղի ունեցած իրադարձություններն ընդամենը առիթ են դա անելու համար, ինքն ու շատ մարդիկ երբևէ չեն կարողացել շփվել ԼՂ իշխանությունների հետ, միշտ պայքարել է նրանց հետ: Մուրադյանի համոզմամբ, Արցախում լեգիտիմություն չկա, միայն առաջին ընտրություններն են լեգիտիմ եղել:
«Փաստ է, որ Հայաստանն ու Ղարաբաղը միավորված են: Ճիշտը խոսենք: Ինչո՞ւ մինչ այսօր ԼՂ-ն չի ճանաչվել ոչ մեկի կողմից: Եվ չի կարող ճանաչվել, ինչպես կարող է գոյություն չունեցող պետությունը ճանաչվել»,-կարծիք հայտնեց Իգոր Մուրադյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե սահմանը լարված է ու քաղաքականությամբ զբաղվել պետք չէ, Ավետիսյանը չհամաձայնեց:
«Մեր նպատակը միավորված ու ինքնիշխան Հայաստանն է, գաղութությունից ազատագրված Հայաստանը: Պետք է հասկանալ, որ ազգի նպատակը ապրելն է, ոչ թե միայն սգալը»,-ասաց Ավետիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ինձ համար ամենակարևորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում. Իգոր Մուրադյան
Հիմնադիր խորհրդարանի տուժած անդամների վիճակը բարելավվում է. «Ո՞ւմ բողոքենք»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները