Ադրբեջանը հաստատել է իր մարտական կորուստը և խեղաթյուրել հայկական կողմի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Աղաև Ֆարիդ Ռուֆաթ օղլուն սպանվել է առաջնագծում փոխհրաձգության ժամանակ ստացած ծանր վիրավորումից: Այս մասին հաղորդագրությունը զետեղված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, միջադեպը գրանցվել է փետրվարի 5-ին: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնում` առաջնագծի որ հատվածում է սպանվել զինծառայողը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը որոշել է հերթական անգամ դիմել ապատեղեկատվության հայկական զինուժի ունեցած կորուստների վերաբերյալ: Այսպես, հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հայտնում է, թե իբր երեկ ՀՀ ԶՈւ 2 զինծառայող է սպանվել, մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է առաջնագծում մեկ զինծառայողի մահվան մասին, իսկ հայկական լրատվամիջոցներում երկրորդ չհաստատված կորստի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Panorama.am-ն իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:
«Ոչ մի զարմանալու բան չկա, սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական կողմն ունի մեկ մարտական կորուստ, որի մասին տեղեկությունը երեկ հրապարակվել է Պն կայքում: Մենք հակված չենք սեփական կորուստների մասին տեղեկությունը թաքցնել հասարակությունից»,- շեշտել է նա:
Նկատենք նաև, որ ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ` երեկ գիշերվա ժամերին իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ` «վիրավորելով 32-ամյա մի բնակչուհու և այրելով մեկ տուն»:
Արձագանքելով Panorama.am-ի հարցմանը` Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հայկական զինուժը երբևէ չի պատերազմել ու ներկայումս էլ չի պատերազմում խաղաղ բնակիչների դեմ:
«Հայկական կողմը հենց երեկ էր հայտնել, որ ՊԲ ստորաբաժանումները հարկադրված են եղել դիմել պատասխան գործողությունների առաջնագծում, քանի որ Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվորեն խախտում էր հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով էլ մեր զինվորը սպանվեց: Այնուհանդերձ, մենք ոչ մի պարագայում չենք կրակում ադրբեջանական գյուղերի վրա, ադրբեջանական կողմը ապատեղեկացնում է հասարակությանը»,- նշել է նա:
Ըստ հայկական լրատվամիջոցների` ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակահերթի պատճառով երեկ գիշերը սպանվել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 60-ամյա բնակիչ Վանիկ Ղուկասյանը: Բացի այդ, համաձայն սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանի` ադրբեջանական ստորաբաժանումները, կրակելով գյուղի ուղղությամբ, վնասել են գազախողովակը, եկեղեցին ու 7 տուն:
Հարկ է հիշեցնել, որ օրերս, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, ադրբեջանական ստորաբաժումները, դիմելով սադրանքի, կրակ էին բացել Տավուշի մարզին սահմանակից իրենց իսկ գյուղերի վրա` հետագայում հայկական կողմի ուսերին բարդելու նպատակով:
Նշենք նաև, որ 2015-ի սկզբից ի վեր` Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ու պատկան մարմինները հաստատել են 6 զինծառայողի կորուստը, որից 5-ը սպանվել է մարտական, մեկը` խիստ կասկածելի պայմաններում:
Նյութեր թեմայի շուրջ`
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսանյութը զուտ ներկայացում է
«Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան
ՊՆ. Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ
Հակառակորդի կրակից վիրավորված Մովսես գյուղի բնակչին տեղափոխում են Երևան